Մոսկվայում ազատ ընտրությունների պահանջով հերթական չարտոնված բողոքի ակցիան է անցկացվում. 300-ից ավելի ձերբակալված կա (ուղիղ միացում)

15:56 • 03.08.19

18։04

Մոսկվայի կենտրոնում «Վերադարձնենք մեզ ընտրությունների իրավունքը» հանրահավաքի շրջանակներում շարունակվում են զանգվածային ձերբակալությունները:

«ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան պորտալին հայտնի է 311 ձերբակալվածների մասին։
Ընդամենը րոպեներ առաջ նույն կայքը հայտնել էր 195 ձերբակալվածների մասին:

Պորտալի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալությունների ընթացքում ձերբակալել են նաև անչափահասների։

15։56
Մոսկվայում՝ Պուշկինի անվան հրապարակում, այսօր իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է անցկացվում, որի մասնակիցներին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել, գրում է meduza.io-ն: 

Արդեն բերման է ենթարկվել առնվազն 33 մարդ: 

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին անցկացված հերթական բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 200 մարդ էր բերման ենթարկվել, ոստիկանությունը մահակներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ: Մի քանի ակտիվիստ կալանվել է: