«Պատերազմն Իրանի հետ կլիներ բոլոր պատերազմների մայրը». Ռոհանի

12:42 • 06.08.19

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կլիներ «բոլոր պատերազմների մայրը»: Նա այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ria.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների ցանկում են ներառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ «Վաշինգտոնն այլևս Զարիֆին բանակցությունների համար առաջնային անձ չի համարում»: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է, որ Ջավադ Զարիֆի ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին կարգելվի նրա ներգրավմամբ բիզնես վարել, միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք արտգործնախարարն ԱՄՆ-ում ակտիվներ ունի: Ավելի ուշ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ է կիրառել, քանի որ իրեն ամերիկյան օրակարգին ուղղված սպառնալիք է համարում:

«Իրանի հետ խաղաղությունը ցանկացած խաղաղության մայրն է, պատերազմն Իրանի հետ՝ բոլոր պատերազմների մայրը, կրկնում եմ»,- հանդիպման ժամանակ ասել է Ռոհանին:  

Նա նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել, ապա պետք է առաջին հերթին Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկի:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր: