Էլ Պասոյի սուպերմարկետներից մեկում 22 մարդ սպանած երիտասարդը խոստովանել է, որ իր թիրախն են եղել մեքսիկացիները
Մեքսիկայի հետ սահմանին գտնվող ամերիկյան Էլ Պասո քաղաքի սուպերմարկետներից մեկում 22 մարդ սպանած երիտասարդը խոստովանել է, որ իր թիրախն են եղել մեքսիկացիները, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Խոստովանությունը նա արել է ոստիկանությանը հանձնվելուց անմիջապես հետո, սակայն դա հաստատող փաստաթուղթը նոր է հայտնվել լրագրողների մոտ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անցած հանգստյան օրերին հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների թվում 2 երեխա կա: Հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդի, որը Դալլաս քաղաքի բնակիչ է:
Հրաձգության երկրորդ դեպքը գրանցվել էր ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել՝ այդ թվում հրաձիգը, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:










