Ֆրանսիական Բիարից քաղաքում մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, գրում է korrespondent.net-ը:
Գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի:
Կիրակի աշխատանքային նիստ կանցկացվի՝ նվիրված անվտանգության և պաշտպանության հարցերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը, տնտեսական աճին ու առևտրին:
Առաջնորդները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինայի խնդրին, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Կիրակի երեկոյան պաշտոնյաները կհավաքվեն ընթրիքի, որին կմասնակցեն նաև նրանց կանայք կամ ամուսինները:
Երկուշաբթի՝ գագաթնաժողովի վերջին օրը, երկրների նախագահները կամ վարչապետները կքննարկեն կլիմային վերաբերող հարցեր, ինչպես նաև թվային փոխակերպման հարցին նվիրված աշխատանքային հանդիպում կանցկացնեն:
Նշվում է, որ Ֆրանսիան, որն այս տարի նախագահում է G7-ում, գլխավոր առաջնահերթություն է համարում անհավասարության դեմ պայքարը: Այդ նպատակով գագաթնաժողով են հրավիրվել նաև 8 գործընկեր երկրների առաջնորդները՝ այդ թվում Ավստրալիայի, Չիլիի, Բուրկինա Ֆասոյի, Սենեգալի, Ռուանդայի, ՀԱՀ-ի:
G7-ին անդամակցում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան:











