Ակնկալում եմ, որ ՍԴ-ն ուժեղ կգտնվի, կդիմակայի ճնշումներին ու Քոչարյանի գործով օրենքի շրջանակում որոշում կկայացնի. Արեն Ապիկյան (տեսանյութ)
Մասնակցելով ակցիային՝ նպատակ ունեմ աջակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ գտնվելով՝ ակնկալում եմ արդար դատավարություն և օրենքի շրջանակում ՍԴ որոշում: Tert.am-ի հետ զրույցում ՍԴ-ի դիմաց իրականացվող ակցիային իր մասնակցությունն այսպես մեկնաբանեց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:
«Այս մեկ տարվա ընթացքում տեսանք՝ ինչ խախտումներ են եղել Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ, ինչ ճնշումներ են եղել ՍԴ դատարանի վրա, ինչ գործողություններ են լինում Հրայր Թովմասյանի, Քոչարյանին ազատ արձակած դատավորի շուրջ: Այսօր ես ակնկալում եմ, որ ՍԴ-ն բավականին ուժեղ կգտնվի և այդ ճնշումներին կդիմակայի ու օրենքի շրջանակում որոշում կկայացնի: Անկախ նրանից՝ ինչ որոշում կլինի, այն պետք է լինի Սահմանադրության և օրենքի շրջանակում»,-ասաց Ապիկյանը:
Ապիկյանը նշեց, որ չի տեսնում Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ գործողություն, որն ուղղված կլինի դատական իշխանության բարելավմանը. «Դատական համակարգի բարեփոխումներն այսպես չեն իրականացվում: Եթե դու իրականացնում ես դատական համակարգի բարեփոխումներ, դու պետք է սկսես դատավորների վերապատրաստումից: Վերցնել ու բոլոր դատավորներին աշխատանքից ազատելն ամենահեշտ միջոցն է, իսկ ի՞նչ է լինելու երկրի հետ: Չկա որևէ օրինակ աշխարհում, որ դատական ռեֆորմն անցկացվի արագ ու հաջող»:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ ըստ անցումային արդարադատության մասին օրենքի նախագծի, 1991 թ.-ից ի վեր ընտրական բոլոր գործընթացներում առկա խախտումների ու հետընտրական հետապնդումների վերաբերյալ պետք է փաստեր հավաքվեն, արդյոք հնարավո՞ր է սա իրականացնել, Ապիկյանն ասաց՝ չի հավատում, ըստ նրա՝ պոպուլիստական հայտարարություններ են. «Չեմ տեսնում, որ իշխանության մեջ ինչ-որ մեկը հասկանա՝ ինչ է անցումային արդարադատությունը: Հայտարարություն անելը հեշտ է, սակայն պետք է դրա համար պատասխանատվություն կրել»:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից կոռուպցիոն դեպքերի բացահայտման վերաբերյալ հայտարարություններին, Ապիկյանն առաջարկեց հիշել՝ հեղափոխությանը հաջորդած 1.5 տարվա ընթացքում կոռուպցիոն բացահայտումների գործերով քանի վճիռ է եղել. «Զրո. կան ինչ-որ մարդիկ, որոնք մեղադրվում են, հետախուզվում են, բայց դեռևս որևէ ռեալ գործողություն չի իրականացվել, բյուջե գումարներ չեն եկել: Ինչ-որ մարդիկ ինչ-որ գումարներ են վերադարձրել, բայց, ինչպես ասում են, էդ գումարները տվել են, որ իրենց հետևից չընկնեն: Նույնն էլ Քոչարյանի գործով: Ո՞վ է Քոչարյանին կաշառքի համար մեղադրում՝ Սիլվա Համբարձումյանը, ով կաշառք տալու մասով աշխարհի չեմպիոն է: Այսքան հայտարարություն է արել տարբեր մարդկանց կաշառք տալու վերաբերյալ, բայց ո՞րն է բացահայտվել: Սա լուրջ չէ»:










