Միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը. Իրանը սեպտեմբերի 6-ից կվերսկսի ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը
Իրանը սեպտեմբերի 6-ից կվերսկսի ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը, հաղորդում է IRNA գործակալությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը հղումով:
Նրա խոսքով՝ Թեհրանը վերսկսում է միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը:
«Մենք ականատես կլինենք ցենտրիֆուգների տարբեր տեսակների հետազոտություններին և մշակումներին, ինչպես նաև այն ամենին, ինչն անհրաժեշտ է ուրանի հարստացման գործընթացի արագացման համար»,- աղբյուրը մեջբերում է Իրանի նախագահի խոսքը:
Իրանի առաջնորդը հավաստիացրել է, որ ամբողջ գործունեությունը խաղաղ բնույթ է կրելու և իրականացվելու Է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր բանակցությունների վերսկսման Իրանի պայմանները: Նա նաև հայտարարել էր, որ Վաշինգտոնը միջնորդների կարիք չունի և բանակցություններ կվարի միայն անմիջականորեն Թեհրանի հետ:
«Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր ներգրավվածության համար, բայց մենք նախագահ Մակրոնի միջոցով չենք գործում։ Մենք կարող ենք մեր խնդիրներն անմիջականորեն լուծել»,- ասել էր Սպիտակ տան ղեկավարը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում ԱՄՆ-ի՝ բանակցություններ սկսելու համար միջուկային գործարքին վերադառնալու Իրանի պահանջը՝ Թրամփը հայտնել էր, որ իրանցիներն իրականում ակնարկում են պատժամիջոցների չեղարկումը։
«Նրանք այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս (առ այն, որ բանակցություններ չեն սկսի ԱՄՆ-ի հետ -Tert.am), որպեսզի մենք մի շարք զիջումների գնանք, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման։ Բայց այդպիսի բան տեղի չի ունենա»- հայտնել էր ԱՄՆ նախագահը։










