Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորկի ավերածությունները՝ տեսաշարով ու ֆոտոշարով (տեսանյութեր, լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորկի ավերածությունները պատկերող նոր լուսանկարներ՝ ավերված տներ, շրջված ու ջարդուփշուր եղած մեքենաներ։
«Դորիան»-ը հարվածել էր Աբակո կղզուն կիրակի օրը՝ հասնելով մինչև ամենավտանգավոր՝ 5-րդ մակարդակին, այնուհետև ուղևորվել էր Մեծ Բահամա կղզի՝ հասնելով վտանգավորության սանդղակի 4-րդ մակարդակին՝ թողնելով այդ տարածքներն ավերածության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը հայտնել է, որ ներկայում մոտ 70 000 մարդ անհապաղ օգնության կարիք ունի։ Լոուքոքն ասել է, որ կենսական նշանակության՝ ջրի, սննդի, ծածկի և կացարանների կարիք է զգացվում։ Նա նաև տեղեկացրել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերթ Մինիսին առ այն, որ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի՝ առաջացած աղետալի իրավիճակի հաղթահարման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս իր ցավակցությունն է հայտնել և հայտարարել, որ ԱՄՆ-ն Բահամյան կղզիների բնակչությանն անհրաժեշտ աջակցություն կտրամադրի։
Հիշեցնենք, որ փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի:
























