Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին (տեսանյութ)
15։53
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի ս․թ․ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծեցին, որ Ռ․ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։
«Ակնհայտ իրողություն է, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները։ Եվ ՍԴ-ն այս որոշմամբ տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար օրենսդրության քաղաքականության շրջանակներում։ Այդ բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, «Ռ․Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։
11։30
Ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Մինչ այդ դատարանի մոտ դարձյալ բողոքի ակցիաներ են։ Այստեղ են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր պահանջում են անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին։
Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։










