«Թեժ խոհանոց»-ի թեժ գաղտնիքները. հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

14:00 • 12.09.19

Հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում շրջանառվում է «Թեժ խոհանոց» նոր հեռուստանախագծի մասին պատմող հոլովակը։ Պատրաստվող հաղորդաշարի մանրամասնների մասին Tert.am–ը զրուցել է ծրագրի համահեղինակ, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ։

– Ինչպե՞ս առաջացավ նման հաղորդման տարբերակի թողարկման միտքը։ Կպատմե՞ք այդ նախագծի մասին։

– 2014 թվականին «Շարմ հոլդինգ»-ի հիմնադիրներից Կարեն Ղազարյանի հետ «Պանդոկ Երևան» ռեստորանում, ընթրիքի շուրջ նման նախագծի գաղափար էինք քննարկում։ Երկուսիս էլ այդ միտքը հոգեհարազատ էր, հասկանում էինք դրա կարևորությունը, բայց ինչ-ինչ պատճառներով  այն ժամանակ հաղորդմանն ընթացք չտվեցինք։

Այդ մտքին վերադարձանք այս տարվա սկզբին, երբ արդեն նախապատրաստվում էինք «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացմանը։ Այսպիսով, «Երեմյան Փրոջեքթս»-ը դարձավ «Շարմ հոլդինգ»-ի հիմնական գործընկերը։ Ակադեմիայի խոհանոցը լավագույն հարթակն է մասնակիցների խոհարարական հմտությունները բացահայտելու, ինչպես նաև նկարահանումներն իրականացնելու համար։

Անձամբ բազմիցս եմ խոսել մեր երկրում խոհարարների մասնագիտության, խոհարարական արվեստի հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Մեր կազմակերպության առաքելությունն ու նպատակն է դա։ Ըստ էության, տարիներ շարունակ տարբեր գործիքներ, մեթոդներ և մեխանիզմներ կիրառելով ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սա էլ նման մի մեխանիզմ է՝ ու բավականին արդյունավետ։

Խոհարարական մենամարտերի ձևաչափն աշխարհում ընդունված և տարածված է։ Կարծում եմ այս հեռուստանախագիծը եզակի հնարավորություն է խոհարարների աշխատանքի նրբությունները, մարտահրավերները, ինչպես նաև դրա կարևորությունը հանրայնացնելու ու լայն հասարակայնությանը ներկայացնելու համար։ Այս նախագծի միջոցով հնարավոր է նաև մեզանում ճանաչելի դարձնել  թե՛ մեր, թե՛ այլ  խոհանոցները, բարելավել հասարակության պատկերացումները խոհարարների մասին, կոտրել կարծրատիպերը և բարձրացնել խոհարարի մասնագիտության  հեղինակությունը։

– «Թեժ խոհանոց»-ը հայկական նախագիծ է, որո՞նք են նրա առանձնահատկությունները:  

– Ինքս հաճույքով դիտում եմ նմանատիպ հեռուստահաղորդումներ, ու հետևում տարբեր երկրներում թողարկված խոհարարական նախագծերին։ Այս հաղորդաշարն իր բովանդակությամբ և ձևաչափով կտրուկ տարբերվելու է նմանատիպ հաղորդումներից։ Հիմնական տարբերությունն այն է, որ մասնակիցները ոչ թե պրոֆեսիոնալ խոհարարներ են, ինչպես, օրինակ,  «Դժոխային խոհանոց»-ում է՝ Գորդոն Ռամզիի մասնակցությամբ, այլ հակառակը՝ մարդիկ, ովքեր երբեք որպես խոհարար չեն աշխատել, այլ ուղղակի երազել են դրա մասին, և զգացել  ուտեստներ արարելու իրենց հակումն ու տաղանդը։

Եվ պատահական չէ, որ որպես հաղորդավար հրավիրել ենք այսօր ՌԴ-ում հայտնի և սիրված հաղորդավար, շեֆ-խոհարար Ռաֆայել Կազումյանին՝ մոսկվայաբնակ մեր հայրենակցին, ով տարիներ առաջ «Մաստեր-շեֆ» հաղորդման հաղթողն էր։ Ռաֆայելի պատմությունը լավագույնս արտացոլում է մեր հաղորդման նպատակները։ Մինչ հեռուստանախագծին մասնակցելը նա աշխատել է բանկում, բայց հաղթելուց հետո, խոհարարական կրթություն է ստացել Փարիզում, այս ոլորտի աշխարհի լավագույն դպրոցներից մեկում՝  Կորդոն Բլյուում և այլևս իր գործունեությունը շարունակել այս ոլորտում։

Մենք էլ ենք դրան ձգտում։ Ցանկանում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով, լինեն դրանք կարծրատիպեր, ֆինանսական, կրթական և այլ խնդիրներ, չեն կարողացել իրագործել խոհարար դառնալու իրենց երազանքը։ Նրանք կարող են, մասնակցել հաղորդմանը և փորձել իրենց ուժերը, և ամենակարևորը գտնել իրենց կյանքի կոչումը։ Իսկ մենք կբացահայտենք նոր տաղանդներ, ովքեր կհամալրեն մեր ոլորտը, կզարգացնեն հայկական խոհանոցը և այն ճանաչելի կդարձնեն ամբողջ աշխարհում։

Պատահական չէ նաև մրցանակների ընտրությունը։ Հաղթողը կստանա 5 միլիոն դրամ, ինչը նրան հնարավորություն կտա մասնագիտական որակյալ կրթություն ստանալու և խորացնելու հմտություններն ու վարպետությունը, կամ թույլ կտա հիմնել սեփական փոքրիկ ռեստորանային բիզնեսը։ Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին էլ կընձեռվի հնարավորություն ուսանելու մեր Ակադեմիայում, որն ավարտելով կստանա City of Oxford քոլեջի և «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայական։

– Ո՞ր երկրի խոհանոցի ուտեստներն են պատրաստելու մասնակիցները մրցույթների ընթացքում։

– Գաղափարն էլ նրանում է, որ պատրաստելու են տարբեր խոհանոցների ուտեստներ՝ թե՛ հայկական ավանդական, թե՛ եվրոպական, և թե՛ ասիական։ Մասնակիցները տարաբնույթ ուտեստներ են արարելու, փորձեր են անելու հեղինակային բաղադրատոմսեր մշակել։

– Իսկ ե՞րբ «Թեժ խոհանոց» հաղորդումը կհանձնվի հեռուստադիտողների դատին։

– Հուլիսի 1-ն ավարտեցինք մասնակիցների հավաքագրման գործընթացը։ Բազմաթիվ հայտեր ունեինք ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի մարզերից, ինչն իսկապես ողջունելի է, և  մեզ համար առանձնակի կարևոր։ Ասեմ նաև, որ շատ հայտեր ունեինք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից, ովքեր նախագծին մասնակցելու մեծ ցանկություն էին հայտնել։ Հավաքագրման 1-ին փուլ անցել էին 60 հոգի, որոնցից ընդամենը 17–ը հաղթահարեցին առաջադրանքներն ու դարձան «Թեժ խոհանոց» հեռուստանախագծի մասնակից։

Հեռուստադիտողի դատին հաղորդումը կհանձնվի այս տարվա սեպտեմբերի 15-ից՝ «Արմենիա» հեռուստաընկերության կիրակնօրյա եթերով։ Հուսամ այն կգրավի հանդիսատեսի ուշադրությունն ու համակրանքը, և դիտումը կդառնա ընտանեկան երեկոն անցկացնելու լավագույն տարբերակներից։

 

«Թեժ խոհանոց»-ի թեժ գաղտնիքները. հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ