«Դավութօղլուն տեսել է Թուրքիայի իշխող կուսակցության ներսում առկա կոլափսը և միակը չէ, որ դուրս է գալիս կուսակցությունից». թուրք ընդդիմադիր գործիչ

14:51 • 14.09.19

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Յըլդըրըմ Քայան, մեկնաբանելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դուրս գալու հանգամանքը, հայտարարել է, որ նա միակը չէ, գրում է artigercek.com-ը:

«Ահմեթ Դավութօղլուն միակը չէ, որ դուրս է գալիս իշխող կուսակցությունից, տարբեր նահանգներում բազմաթիվ մարդիկ դուրս են գալիս այդ կուսակցությունից, քանի որ լուծումներ չեն տեսնում: Ահմեթ Դավութօղլուն տեսել է այդ կոլափսը»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախկին արտգործնախարարը հայտարարել էր իշխող կուսակցությունից դուրս գալու մասին: Նա, քննադատելով Էրդողանի կուսակցությունում առկա արժեքները, նշել էր. «Ցուցանակներն անցողիկ են, մնայուն են մեր կյանքը և պայքարն իմաստալից դարձնող արժեքները: Եվ կուսակցություններն իմաստ են կրում այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում են այս արժեքներին: Մենք շարունակելու ենք մնալ այս արժեքների պաշտպանն ու խոսնակը»: