ԿԲ-ն զգուշացնում է, որ eBay-ում վաճառքի դրված՝ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են

15:29 • 17.09.19

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հայտնում ենք, որ 2010 թվականին ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» մեկ տեսակի արծաթե հուշադրամ, որի թողարկման ամբողջ խմբաքանակը սպառվել է»,-ասվում է ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:

ԿԲ-ի կողմից թողարկված հուշադրամների մասին տեղեկությունները զետեղված են ԿԲ կայքում՝ այս հղման ներքո: