Այս ամենը, իրականում, կործանարար է երկրի համար. Լուսինե Սահակյանը` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու «Իմ քայլը»-ի հայտարարության մասին
Անընդունելի է այս գործընթացը, որովհետև ամեն ինչ կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության որոշմանը` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:
«Այս գործընթացները նոր չեն սկսվել, ամեն ինչ կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Դեռս այն ժամանակահատվածից, երբ դատավոր Ազարյանի նկատմամբ սկսվեցին ճնշումներ, հետագայում դա շարունակվեց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և այժմ էլ Սահմանադրական դատարանը, երբ ոչ իշխանահաճո որոշում կայացրեց... բնականաբար, այս ճնշումները լինելու էին: Այս ամենը իրականում կործանարար է երկրի համար, և կարծես չի էլ դադարում, ձնագնդիկի պես շարունակվում է այս կործանարար գործունեությունը»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ այն, որ գործադիրը միջամտում է դատական իշխանության գործերին, դա արդեն անթույլատրելի է: «Նույնիսկ սկսել են խոսել Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ ու տարբեր ձևակերպումներ են տրվում` ցրելու, փակելու, վերակազմակերպելու, վերակազմավորելու, ինչը ևս անթույլատրելի է»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Սահակյանը նշեց, որ ձևականորեն իշխանությունները հայտարարում են, որ իրավական պետություն ենք, բայց իրականում ամբողջ գործունեությունը, որը ծավալվում է իշխանության կողմից՝ հատկապես դատական իշխանության նկատմամբ ճնշումների մասով, դրա մասին չեն վկայում:
«Ցանկացած դեպքում, երբ իշխանությունների տարանջատում գոյություն չունի, երբ գործադիր մարմինը փորձում է դատական իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրել՝ դա կլինի զանգերի միջոցով, կլինի որևէ կերպ ազդեցություն, կոմպրոմատներ գործադրելու միջոցով, թե առավել ևս, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով, սա անթույլատրելի է և լավ բանի չի կարող հանգեցնել: Այստեղ անձերի մասին չէ խոսքը, խնդիրը վերաբերում է նրան, որ մեր երկիրը գնում է կործանման ճանապարհով»,-ասաց նա:










