Երբ Փաշինյանը Սևանի թերակղզում էր, ոստիկանները ճանապարհը փակել էին մարդկանց առաջ. զբոսաշրջիկների հետ ստիպված եղանք հետ դառնալ. Լուսինե Հարոյան
Առաջին անգամ չէ, որ Փաշինյանի տեղաշարժման համար ճանապարհներ են փակվում մարդկանց առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանն, ով ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ձկան փառատոնի շրջանակներում Սևանում է եղել, սահմանափակվել են քաղաքացիների և զբոսաշրջիկների այցերը դեպի Սևանի թերակղզի:
«Զբոսաշրջիկներիս հետ հասանք թերակղզու կեսը և մեր առաջ 2 ոստիկաններ դուրս եկան և չթողեցին, որ առաջ գնանք: Բնականաբար չասացին, թե ինչ պատճառով: Ես գիտեի, որ վարչապետը Սևանում է, անմիջապես հասկացա ու հարցրի: Ասացին՝ չի կարելի առաջ գնալ: Վրդովվեցի, ասացի՝ վարչապետը ամառանոցո՞ւմ է, ասացին՝ այո: Երբ հարցրի, թե ո՞վ է ասել, որ իրավունք ունեք տարածքը փակել միայն նրա համար, որ վարչապետը ամառանոցում է, ուսերը թոթվեցին»,- պատմեց Հարոյանը:
Լուսինե Հարոյանն ասաց, որ իրենց տեղաշարժը սահմանափակելու պատճառով ստիպված է եղել զբոսաշրջիկների հետ նույն ճանապարհը հետ դառնալ:
«Շատ ցավալի էր, որ զբոսաշրջիկների մեջ կային 2 տարեց մարդիկ, որոնցից մեկը ձեռնափայտով էր, ուզում էին Սևանն ամբողջությամբ տեսնել, բայց փաստացի ապօրինաբար զավթել էին հանրային տարածքը և թույլ չտվեցին»,- ասաց նա:
Tert.am-ը այդ խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից, ով հավաստիացրեց՝ այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:
«Ոչ մի ճանապարհ չի փակվել: Երբեք վարչապետի տեղաշարժի ժամանակ ճանապարհ չի փակվել»,- պնդեց Կարապետյանը:
Հարոյանը նշեց, որ իր հետ եղած զբոսաշրջիկները կարող են ապացուցել եղելությունը, սակայն չի ցանկանում, որ նրանք խառնվեն հայկական ներքին քաղաքականությանը:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկաները սահմանափակել են իմ տեղաշարժը հանրային տարածքում: Ինչո՞ւ պետք է օդից վերցնեի ու հորինեի»,- նշեց Հարոյանը և հավելեց, որ հույս ունի՝ իր բարձրացրած աղմուկից հետո նման բան էլ չի կրկնվի:










