Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին (տեսանյութ)

11:45 • 17.09.19

16։20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։

Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց փաստաբանները։

15։07


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որի չափը կարող է որոշել դատարանը։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ այն ներկայացվել է դեռևս ամիսներ առաջ, սակայն մինչ օրս քննության չի առնվել։ Խուդոյանը նշեց, որ դատարանը չի անդրադարձել այդ միջնորդությանը՝ այդպիսով խախտելով Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը։

«Մենք գտնում ենք, որ դատավարության այս փուլում պարոն Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են», - հայտարարեց պաշտպանը։

Միջնորդությանը միացել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մյուս անդամները, ինչպես նաև գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց փաստաբանները։



13։19

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը, Քոչարյանը կմնա կալանքի տակ:


11։45

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը:

Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:

Բողոքի ակցիաներին և նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։