Եթե փախչող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ կխմեին. Ռոբերտ Քոչարյան
Ինձ մոտ այն տպավորությունն է, որ եթե արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում հայտարարեց Ռ. Քոչարյանը:
Վերջինս անդրադարձավ դատարանի՝ իր խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդության մերժմանը: ՀՀ երկրորդ նախագահը նշեց մի քանի կետեր, որոնք հաշվի առնելով, դատարանը պետք է փոխեր խափանման միջոցը: «Առաջինը՝ քննությունից թաքնվելու հանգամանքը. երևի դատախազության աշխատողների համար դժվար է սա հասկանալ։ Ընդհանրապես, ես այն տեսակի մարդ չեմ, որ կարող եմ ինչ-որ բանից փախչել: Հասկանում եմ, որ դժվար է իրենց համար սա պատկերացնել: Եթե փախչող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ կխմեին: Ինձ համար վիրավորական է, որ ես ստիպված եմ սա ասել, որովհետև մարդու կենսագրությունը, երևի, շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որ ինքը կարող է անել»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Հաջորդիվ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ դատախազության այն փաստարկին, թե նա, ազատության մեջ լինելու դեպքում, կարող է ազդել քննության ընթացքի վրա: Նա նշեց, որ ամբողջ քրեական գործում իր հետ կապված ընդամենը 2-3 դրվագ կա․ առաջինը՝ Նախագահական նստավայրում բարձրագույն զինվորական կազմի հետ հանդիպումն է, որին ներկա մոտ 25 անձանցից քննվել է 12-13 հոգի: «Այդ 13 ցուցմունքներին ծանոթանալը Ձեզանից կվերցնի երևի 40-50 րոպե՝ համոզվելու համար՝ այստեղ ինչ-որ բան փոխելու մոտիվացիա ես պե՞տք է ունենամ, թե՝ ոչ: Ես կարող եմ Ձեզ տրամադրել նաև, ըստ հատորների, որ ցուցմունքը որ հատորում է, որովհետև հասկանում եմ, որ 80 հատորի մեջ փնտրել-գտնելը բավականին դժվար է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին:
Քոչարյանը հավելեց, որ կա ևս 3-4 մարդու ցուցմունք, որ այդ շաբաթվա ընթացքում իր հետ շփում են ունեցել և՛ հեռախոսով, և՛ անմիջապես:
«Այդ 3-4 հոգուց մեկը Տիգրան Թորոսյանն է՝ ԱԺ նախագահը, որի հետ ես համաձայնեցրել եմ, քննարկել եմ արտակարգ դրության հրամանագիրը, երկրորդը՝ Սերժ Սարգսյանը, ով եղել է նաև հանդիպմանը, երրորդը Հայկ Հարությունյանն է՝ ոստիկանապետը, որը իր ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասով, չորրորդն Արմեն Գևորգյանն է, որին հանձնարարվել էր արտակարգ դրության մասին հրամանագիրը պատրաստել»,-ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համաձայն է այդ բոլոր ցուցմունքների հետ:
Իր խոսքով՝ միայն Արշակ Կարապետյանի մեկ հայտարարությունը չի ընդունում: «Մեկ նախադասություն, որն իրականությանը չի համապատասխանում, և որը չեն հաստատում 12 ուրիշ ցուցմունքներով, թե իբրև ես հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին: Այս նախադասությունն ուղղակի աբսուրդ է. բանավոր արտակարգ դրություն չի լինում, և որևէ հետևանք դրանից հետո չի եղել: Հարգելի դատավոր, Դուք, այդ նյութերին ծանոթանալով, կարող եք պարզել, թե այդ ինչի՞ վրա ես պետք է ազդեմ, ինչի՞ համար ես պիտի ազդեմ, որ ի՞նչ փոխվի այդ ցուցմունքներում: Չկա այդպիսի բան: Եթե կան նման ցուցմունքներ՝ կապված մարդկանց հետ՝ ուղղակի ինձ հետ շփում ունեցող, թող դատարանն ասի՝ ովքեր են»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Գրավի չափի վերաբերյալ դատավորի հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Հարգելի դատավոր, եթե Դուք ապասառեցնեք իմ հաշիվները, դա մեկ այլ վիճակ է, եթե չեք ապասառեցնում, մեկ ուրիշ իրավիճակ է: Ես չգիտեմ՝ ինչ ասել, որովհետև չգիտեմ՝ ինչ եք տրամադրված անել: Փաստն այն է, որ և՛ իմ, և՛ իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են: Ակնհայտ է, որ այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ինչ-որ մեկից վերցնեմ: Ես կյանքում պարտքեր չեմ արել, այդ տեսակը չեմ»:










