Ինձ PR գրասենյակների հետ կապելու փորձերը միամտություն եմ համարում․ Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Կարապետյանին. hraparak.am

15:17 • 17.09.19


 
Երեկ հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր երեք լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե հրաժարականից հետո արդյոք զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, քանզի նման կարծիքներ են հնչում․ տեղեկացնում է hraparak.am-ը։

«Ես իմ հրաժարականի հարցով չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի, կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ իմ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես չեմ փոշմանել կատարած քայլից։ Քաղաքականություն մտնելու և քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված՝ այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ անի»,-ասել է Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ ինքն այս պահին կենտրոնանալու է ֆուտբոլի զարգացմամբ, և իր համար ամենակարևոր հարցը դա է։

Խոսելով իր հրաժարականի մասին՝ Արթուր Վանեցյանը նախկին իշխանականներին կոչ է արել չոգևորվել և պղտոր ջրում ձուկ չորսալ։ 

Վանեցյանը միամտություն է համարել, որ կարող են իրեն կապել ինչ-որ PR գրասենյակների հետ, ինչպես ակնարկել էր վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ»,-ասել է նա։