Աջակցություն չկա, ցեցը մեր համայնքից չի հեռացել. Արարատում և Արմավիրում ցեցը շարունակում է վնասել լոլիկի բերքը, թեև վարչապետը հանձնարարել էր լուծել խնդիրն այս տարի

20:23 • 17.09.19

Հարավամերիկյան ցեցը շարունակում է մեծ վնասներ հասցնել Արարատի և Արմավիրի մարզի լոլիկի ցանքատարածքներին, թեև ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները պնդում են, որ պիլոտային ծրագրի շրջանակում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ լոլիկի պտուղները և բույսերը կոնկրետ Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում վնասատուներից զերծ են:



Արարատի մարզպետարանից Tert.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել են մարզում լոլիկի ցանքատարածքների 5 տարիների վերաբերյալ տվյալները։ Ըստ այդմ՝ 2015-ից մինչև 2019 թվականը լոլիկի ցանքատարածքները կրճատվել են ավելի քան 1200 հեկտարով։

2015-ին մարզում լոլիկի ցանքատարածքները կազմել են 3343.6 հա, որից 85 հա-ը՝ փակ գրունտում, 3258.6 հա՝ բաց գրունտում: 2016թ-ին, ընդհանուր առմամբ, մարզն ունեցել է 3432 հա լոլիկի ցանքատարածք, որից 91 հա՝ փակ, 3341՝ բաց գրունտում:

2017-ին լոլիկի ընդհանուր ցանքատարածքները մարզում եղել են 2641.6 հա, որից փակ՝ 97. 784 հա, բաց՝ 2543.8 հա: 2018-ին Արարատի մարզում մշակվել է 2069 հա լոլիկ, որից փակ՝ 127.78 հա, բաց դաշտում ՝ 1941.2 հա: 2019-ին մշակվել է ընդամենը 2094 հա, որից փակ՝ 147.8 հա, բաց՝ 1946.2 հա:





Նշենք, որ դեռևս 2018թ-ի սեպտեմբերին Արարատի մարզպետարանում համայնքի ղեկավարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էին ցեցի պատճառած վնասները՝ նշելով, որ մարզում բաց դաշտում լոլիկի մշակությունն էականորեն նվազել է տարածված  ցեցի  պատճառով, կրճատվում է նաև փակ գրունտում (ձմեռային և գարնանային ջերմատներում) լոլիկի մշակումը:  

Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը ներկա էր եղել նաև Արարատի մարզի Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը, որը ներկայացրել էր իրենց համայնքում ցեցի տված վնասները։ «50-60 հա լոլիկի դաշտ ունեինք, հիմա մի հեկտար չունենք, միայն փակ գրունտում ենք աճեցնում, այն էլ դժվարությամբ, պայքարը բարդ է ու աշխատատար: Տարածաշրջանում լոլիկի արտադրությունը կաթվածահար է եղել ոչ թե բարձր ջեմային ֆոնի պատճառով, այլ այդ վնասատուի: Կրճատման պատճառի 90 տոկոսն ամերիկյան ցեցի հետ է կապված»,-նշել էր նա:

«Կհավաքվեք բոլորդ, թող կոնկրետ պլան ներկայացնեն մեկամսյա ժամկետում, ինչ ենք անելու, որ մյուս տարի էդ պրոբլեմը չունենանք, ովքեր դժվարանում են, թող գնան տուն,  իրենց գործն անեն: Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը, Հայաստանի Հանրապետությունում էլ լոլիկ չի՞ լինի, որովհետև դժվարանո՞ւմ ենք լուծում գտնել»,- բորբոքված նշել էր (դիտել -41:10 րոպեից) Փաշինյանը։

Այնուհետև կառավարության որոշմամբ` Արարատի և Արմավիրի մարզի երկու՝ Ոսկետափ և Ակնալիճ համայնքների 10 հա ցանքատարածքում պիլոտային ծրագիր իրականացնելու համար բյուջեից հատկացվել էր 11 183 000 դրամ, որը պետք է իրականացներ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը:

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչ այդ նույն խնդրով մոնիտորինգ էր իրականացրել, ձեռք բերել  լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի ֆերոմոնային թակարդներ ու որոշակի աշխատանք կատարել։  



Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր վերահսկողությամբ են ամիսներ շարունակ ծրագիրն իրականացրել, ամբողջ ընթացքը փաստաթղթավորված ու տեսանկարահանված է և անընդհատ արդյունքների մասին հաշվետվություն են ներկայացնում հանրությանը:

«Նոր ենք վերադարձել, բերքահավաք է, արդյունքները շատ անգամ ավելի բարձր է, քան նախատեսված էր: Տեսանկարահանել ենք, այնտեղ ֆերմերների խոսքը կա, որտեղ նշվում է 95-99 տոկոս առողջ բերք է ապահովել, ցեցի, թրթուրի վնաս չի արձանագրվել ընդհանրապես, իսկ դա մեծ հաջողություն է»,-ասաց նա:

Հարցին, թե, այսինքն` այլևս տվյալ 10 հա տարածքում ցեցն իսպառ վերացվե՞լ է, Արմենակ Տեր-Գրիգորյանը նշեց, որ ոչ: «Սրանց զարգացման դինամիկան ու փուլերը տարբեր են, բարդ է,  վնասատուի մեկ էգը մեկ ամսվա ընթացում մշտապես ձվադրում է: Տարածաշրջանում վերացնել դա բացառվում է, ոչ մեկ չի կարող դա անել, շուրջ բոլորը լոլիկի դաշտեր են:  Վնասատուն կատարում է բնական միգրացիա, թռնող միջատ է, բայց մենք բացի քիմիական միջոցառումներից, շատ ուրիշ միջոցներ ենք կիրառել: Սահմանազատող գոտի ենք պատրաստել բույսերից, ցանել ենք եգիպտացորեն, որն ինչ-որ տեղ  բուֆեր էր հանդիսանում, որպեսզի վնասատուն դրսից չներթափանցի ներս: Գործընթացը ագրոտեխնիկական զանազան փորձերի արդյունքում է ստացվել՝ սածիլների ստուգումից, հողի մշակումից, վաղ  գարնանային մոլախոտային բուսականության ոչնչացումից, հետագայում գիտականորեն  հիմնավորված պայքարի աշխատանքների ժամկետների ճշգրտումից, զարգացման փուլերի ճշգրտումից, և կարևորը ընտրել ենք այնպիսի պատրաստուկներ, որոնք կոնկրետ նպատակային են՝ ունենք կոնկրետ թրթուրի դեմ, նաև հասունի դեմ պատրաստուկներ և դա մեզ հաջողություն բերեց»,-ասաց նա:

Արմենակ Տեր-Գրիգորյանը նշեց, որ երբ իրենք տվյալ տարածքում փորձեր են իրականացրել, գյուղի մյուս ֆերմերներին էլ զուգահեռ իրազեկել են ինչ կարող են անել, և նրանք էլ հետևելով ճիշտ նույն ժամանակ նույն գործողություններին, լավ արդյունք են ունեցել: «Փորձի փոխանակում է եղել, լոկալ միջոցառումները տարածվել են»,-ասաց նա:  

Հարցին, որ եթե ամեն տարի նույն սրսկումները և ցուցումներն արվեն, հնարավո՞ր է վերացնել ցեցը, մասնագետը նշեց, որ ամբողջական վերացնել բացառվում է, բայց կառավարել վնասը միանշանակ հնարավոր է: «Եթե դա լիներ մեկ ամբողջական տարածք՝ հնարավոր կլիներ, բայց խնդիրն այն է, որ հարևանը բուժումները կատարում է, մյուսը չի կատարում, կամ տատիկը, որն իր բակում աճեցնում է մի քանի լոլիկի թփեր, այնտեղ բուժում չի իրականացնում, դրանք կարող են դառնալ վարակի լոկալ աղբյուրներ հետագայում տարածման համար: Բացի դրանից ունենք հողագրունտային ջերմոցներ, որտեղ ցեցը ևս կա, նաև սածիլանոցները, որտեղից հիմնականը տարածվել է»,-ասաց նա: 

Դիտարկմանը, որ եթե 11 մլն դրամ է հատկացվել 10 հա-ի համար, դա արդյո՞ք թանկ միջոցառում չի կարելի համարել, որը կարող է լոլիկի գինը բարձրացնել և լոլիկ ցանելը տնտեսապես շահավետ չլինի, Արմենակ Տեր-Գրիգորյանը պատասխանեց, որ այդ գումարից բավական այլ ծախսեր են արել՝ բրոշյուրների տպագրում, տրանսպորտ, աշխատավարձեր, դաշտային դպրոցներ և այլն: «Բացի այդ, սա նմանատիպ առաջին փորձն է և մեր հաշվարկներով տեսնում ենք, որ թունաքիմիկատների քանակությունն արդեն հնարավոր է կրճատել, որովհետև մենք 4-րդ սրսկումից հետո տեսանք ցեցի կտրուկ նվազում, այսինքն՝ այստեղ էլ պետք է վերահաշվարկ կատարենք և սրսկումների համակարգի փոփոխություն անենք:  Սա առաջին փորձն էր, որ արվեց, հետագայում ավելի էժան կլինի որովհետև արդեն փորձ կա, հիմք կա, և մնում է  հետագայում մարդիկ շարունակեն»:

Նշենք, որ ըստ մասնագետների՝ հարավամերիկյան ցեցը Հայաստան էր ներթափանցել 2012թ-ից Թուրքիայից: Լոլիկի ցեցը վնասում է բոլոր տեսակի մորմազգի մշակաբույսերին: Այն վնասում է լոլիկը, կարտոֆիլի պալարները և բույսի վեգետատիվ մասը, սմբուկը, ծխախոտը, պղպեղի վեգետատիվ մասերը և պտուղները: Ցեցն առավել շատ վնասում է լոլիկին և կարտոֆիլին ինչպես բաց գրունտում, այնպես էլ ջերմատներում:

Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ցեցի պատճառով իրենց գյուղում լոլիկ բաց դաշտում ընդհանրապես չեն ցանում, միայն՝  ջերմատներում: «Ցեցը մեր համայնքից չի հեռացել, ձեռք չի քաշում, նույն խնդիրը կա, պայքարի միջոցառումներ ու աջակցություն չկա, ով ոնց հասկանում՝ այդպես է անում: Մարդ կա, 400 մետր ջերմոց ունի, քրտնել, բերքը բերել-հասցրել է քաղելու փուլին, մի լումա եկամուտ չի ստացել»,-ասաց նա։    

Ըստ նրա, միայն մասնագետներ են գալիս, խորհրդատվություն են տալիս, բայց  ինչ-որ կոնկրետ օգնություն չեն ցուցաբերում։ «Թակարդներ գոյություն ունեն, չեն տալիս, տենց բաներ չկա: Կան ֆերմերներ, որ կարողացան շատ լավ պայքարել, մի 50 տոկոս արդյունք են ստացել, իսկ ում գրպանին չի եղել, չեն կարողացել պայքարել ու բերքի լրիվ կորուստ է եղել: Փակ մշակման դեպքում տարբերակ կա պայքարի, եթե, իհարկե, գրպանդ էլ փող կա, եթե չկա՝ դժվար է»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է, որ պիլոտային ծրագիր իրականացնողները բաց դաշտում 99% արդյունք են ստացել, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Դա հնարավոր չէ, հեքիաթ է, եթե փակ տարածքում հնարավոր չէ պայքարել, բացում ո՞նց կպայքարեն, այդտեղ մոլախոտ կա մորմազգի` բադրիջան, բիբար, չհաշված կարտոֆիլը, մասսայական պայքար պետք է կատարվի մոլախոտերից սկսած մինչև կուլտուրական սորտերին հասնելը»:   

Ղուկաս Սիմոնյանը նշեց, որ համայնքում 20 հա փակ գրունտ ունեն և բերքի  50 տոկոս արդյունք են ունեցել: «Այսինքն, եթե օրինակ 10 տ պետք է ստանա, 5 են ստացել, հետն էլ վնասված, ստիպված մի մասը գործարան են տարել, մյուսն էլ քաղում և տանում են կուտակում, հնանում է՝ այրում են գնում է, չես էլ կարող գործարան հանձնես»,-ասաց նա:

Պիլոտային ծրագիրն իրականացրած մյուս համայնքի՝ Ոսկետափի ղեկավար Սարգիս Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ լավ բերք են ստացել, ոչ էլ վատ: «Հինգ հեկտարի վրա են աշխատել, լավ առողջ բերք են ստացել, մնացածում ստացել ենք նորմալ բերք, շատ բան կախված է ոռոգման ջրից»,- ասաց նա և բացատրեց, որ պայքարը ցեցի դեմ ոչ թե բերքի ծավալն է ավելացնում, այլ առողջ բերք է լինում, որը հարմար է վաճառքի համար:

«Հիմա այդ տարածի բերքը ոչ թե գործարան կտանեն, այլ շուկա»,- ասաց նա, միաժամանակ  նշեց, որ համայնքում ֆերմերները բերքը հիմնականում գործարաններին են տալիս «Գործարաններն ընդունում են, կանխիկ էլ վճարում են, Արտաշատում 45 դրամ է կիլոգրամը, Արմավիրում՝ 40 դրամ»,-ասաց նա:  

Ոսկետափից ֆերմեր Վահան Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ 5 հա լոլիկ է մշակել, բերքի արդյունքից գոհ է, բայց բերքը գործարան է հանձնում: «Վատն էն ա, որ էս տարի լոլիկը գին չունի,  ես լրիվ ՝ լավ-վատ 40 դրամով տանում եմ «զավոդ», շուկա չեմ էլ գնում»,- ասաց նա և նշեց, որ եթե ընտրի լավերը շուկայում կվաճառի կիլոգրամը 60 դրամով: «Բայց հենա 40 դրամ կտամ կպրծնեմ էլի, 60 դրամն ի՞նչ է որ»,- ասաց նա և նշեց, որ այս տարի գյուղում 5 հա սրսկել են, տեղը-տեղին պայքարել են ցեցի դեմ ու լավ լոլիկ են ստացել: «Դե իրանցը ցեց չկա, մերը քիչ ա, որ սրսկեինք ոնց որ պետք ա մերն էլ չէր լինի»,-ասաց նա:

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ տնօրեն` Նորիկ Բարսեղյանի խոսքով գյուղացի ֆերմերները սխալ են ասում, որ  լոլիկ չեն ցանում մեծամասամբ ցեցի պատճառով: «Անցած տարի էլ վարչապետի մոտ խոսակցություն գնաց... չեն ասում, որ ջուրը ժամանակին չեն տալիս, ասում են ցեցն ա պատճառը: Ես անձամբ մոնիտորինգի արդյունքում գնացել եմ Հոկտեմբերյան և տեսել, որ 5 օր է՝ չեն ջրել, հիմա այդ բույսին ամեն 3-րդ օրը, եթե չջրես, հետն էլ չսրսկես՝ պարզ է, որ վնասատուն զարգանալու է: Խոշոր ֆերմերներն ընդհանրապես վնաս չեն էլ կրում, բայց մեկը ունի 1000 մետր, չի սրսկում կարող է բերքը լրիվ վերանա, այս վնասատուն կարող է մինչև 100 տոկոս բերքը ոչնչացնել: Պետք է հասկանա, որ եթե բերք են ուզում ստանալ՝ պետք  է պարտադիր պայքարեն»,-ասաց նա:

Նորիկ Բարսեղյանը ևս համոզված է՝ պետական մակարդակով հնարավոր չէ ցեցին վերացնել: «Մենք ունենք պետությունում արձանագրված 11 առանձին օրգանիզմ, սրանց դեմ ժողովուրդն արդեն հասկացել է ոնց պայքարի, որ վնաս չկրի շատ, գիտեն մի վնասատուն երբ է պատյանից դուրս գալիս, այդ ժամանակ սրսկում են ու վերջ»,-ասաց նա:

ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ  հարավամերիկյան ցեցը շատ ավելի փոքր մարտահրավեր կարող է լինել մեր տնտեսությանը, ինչ առաջիկայում սպասվում է, իսկ նման վիճակում գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ները լուծարում են: «Վաղը չէ մյուս օրը մեր մոտ կմտնի մարմարյա մլուկը, որը հանրապետության համար չարիք կդառնա, դա ամբողջ աշխարհում կա, եկել է  հասել Մառնեուլ, կմտնի, ու ոչ մեկ չի կարա ասի խի մտավ, կամ ոնց մտավ: Թիթեռ է, հո՞ չի  ասում  սա Վրաստանի սահմանն է, չթռնենք Հայաստան: Չարիք է, դուրս է եկել Կորեայից, մտել է Ճապոնիա, ապա Ամերիկա, հետո Եվրոպական երկրներով եկել է Աբխազիա, հիմա էլ Մառնեուլ է անցած տարի նկատվել: Այս տարի պայքար էիրն իրենք  կազմակերպում, բայց քանի մետր է  Մառնեուլից Հայաստանը հեռու»,-ասաց նա:

Վնասը  հարևան երկրում ըստ նրա մանդարինին է հասցվում, իսկ ընդհանուր վնասում է նույնիսկ ընկույզին, պնդուկին, կաշտանին, եգիպտացորենի ամեն հատիկ էլ ոչնչացնում է: «Իր կնճիթով մտնում է, սոկը քաշում է, հետո երբ դուրս է  գալիս, այդտեղից վիրուսը մտնում է ու նեխում: Հիմա եթե մեզ մոտ գա ու ծիրանը  հանկարծ վնասի կամ Նոյեմբերյանում դեղձը, պատկերացնո՞ւմ եք ինչ անհամեմատ մեծ վնաս է հասցնելու»,-ասաց նա:

Իսկ թե պետությունը կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկո՞ւմ է, Նորիկ Բարսեղյանը պատասխանեց. «Ասե՞մ, թե ինչպես... մեր պետությունը 2 ամսից մեր հիմնարկը փակում է, հիմա պատրա՞ստ են, թե՞ անպատրաստ: Կառավարության որոշումը եղել է, սկսել են լուծարման գործընթացը: Հետո ես չեմ իմանում ոնց է լինելու: Տեսեք մենք ամբողջ հանրապետությունում անասնահամաճարակային վիճակը քանի տարի կայուն ենք պահում, չունենք խնդիր, չունենք դաբաղ, որ աշխարհում պայքարում են, այլ հիվանդություններ ևս, որոնք կառավարության ծրագրով հատկացված է մեզ: Մենք 12 միջոցառում ենք անում, որից 9-ը կանխարգելիչ է, 2-ը ախտահանիչ: Բայց վաղը մյուս օրն ինչ է լինելու, չեմ կարող ասել»,-ասաց նա: