Հոնկոնգի 96-ամյա բնակչուհին դարձել է Ասիայի ամենատարեց մոդելը (լուսանկարներ, տեսանյութ)

23:24 • 18.09.19

Մոդելներից շատերն իրենց կարիերան սկսում են պատանեկան տարիքից, երբեմն էլ 30-անց տարիքում, սակայն Հոնկոնգում բնակվող 96-ամյա Ալիս Փենգը սովորական մոդելների պես չէ. նա կարիերան սկսել է 93 տարեկանում:

Մոդելային ասպարեզում դեռևս սկսնակ համարվող Ալիսի ուշագրավ պատմությանն անդրադարձել է Oddity central-ը: Նա միշտ սիրել է գեղեցիկ հագնվել և նրբագեղ տեսք ունենալ, սակայն երիտասարդ տարիներին երբեք չի մտածել մոդել դառնալու մասին:

Նրա թոռնուհին, սակայն, միշտ մտածել է, որ տատիկը մոդելի ընդունակություններ ունի: Համացանցում տեսնելով 65 տարեկան մոդելների՝ նա իր տատի լուսանկարներն է ուղարկել մրցույթի մասնակցելու, և հենց Ալիսին են ընտրվել լուսանկարվելու համար:

Ալիսը համաձայնել է մասնակցել լուսանկարահանմանը: Թեև նա ոչինչ չգիտեր մոդելային աշխատանքի մասին, նրա բնատուր ձիրքն օգնել է հարմարվել այդ առօրյային: Այժմ նա բավականին հայտնի մոդել է Ասիայում, ինչպես նաև տարիքով ամենամեծը: