Ինչո՞ւ են պատկան մարմինները շահագրգռված, որ սիգի որսն օրինականացվի, եթե մասնագետները դեմ են

20:16 • 23.09.19


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել և սկզբնապես փորձելու են կիրառել պիլոտային ծրագիր՝ 150 տոննա ձկան համար: «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն ասում է, որ լճում սիգի պաշարները շատ են, մինչդեռ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ «Սևան ազգային պարկի» տնօրենը նման հայտարարություն է անում, քանի որ այնտեղ ձկան պահածոյի գործարան ունի և իրեն ձեռնտու է պիլոտային այս ծրագիրը։

«Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանի խոսքով՝ սիգի պաշարների 3-ից 4 տարվա հետազոտությունները ցույց են տվել մոտավորապես 10-15% ձկան պաշարի աճ, իսկ հաշվարկվել է 600-ից մինչև 800 տոննա որսի ենթակա պաշար, այսինքն՝ ապրանքային տեսք ունեցող ձկան մասին է խոսքը։ 

«Սևանա լճում շա՜տ-շա՜տ ձուկ կա, ահավոր շատ և այո, մոտ ժամանակներում սպասում ենք սիգի արդյունագործական որսի թույլատրում»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Վահե Գուլանյանը։ 

«Մենք այդ հետազոտությունների հետ ունենք բավական անհամաձայնություններ՝ ձկան պաշարները բավական քիչ են ցույց տրվում և դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ շատ ուրիշ մասնագետների, նույնիսկ ձկնորսների. պաշարները մի քանի անգամ ավելի շատ են, քան գնահատվում է մասնագետների կողմից»,-ասաց Գուլանյանը և հավելեց, թե միգուցե դա ուսումնասիրման մեթոդների սխալմունք է կամ կարիք կա նորագույն տեխնոլոգիաներով հետազոտելու, որպեսզի ավելի ճշգրիտ թվեր լինեն:

«Համենայնդեպս, նշված պաշարները գնահատում եմ որպես մոնիտորինգային թիվ, որը վկայում է ամեն տարի պաշարների ավելացման մասին, այսինքն՝ պոպուլյացիան լավ վիճակում է, կարողանում է վերարտադրվել և ավելանալ»,-ասաց նա: 

Նշենք, որ 2006–ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, ուստի նախարարության որոշումով որսը մինչ օրս արգելվել էր: 

Վահե Գուլանյանը նկատեց, որ 2006թ-ից ձկան որսն արգելված է, բայց այդ արգելքը շատ «հարաբերական հասկացություն» է, քանի որ այլ տեսակների որսի թույլտվություն եղել է, ինչն էլ ենթադրում է չնախատեսված որս նաև չթույլատրվող այլ տեսակների:

«Ներկա իրավիճակում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կա ահռելի ծավալների հասնող ապօրինի ձկնորսություն և հենց միայն այդ ապօրինի ձկնորսության թվերը վերլուծելով՝ հասկանում ենք, որ եթե ներկայացված պաշարները կարող էին մի քանի օրում լճից դուրս բերեին, ուրեմն ինչքան շատ են պաշարները: Գողությունն ահռելի քանակով է եղել, ես ուղղակի հիմա չասեմ թվեր, բայց իրականում շատ մեծ քանակների է եղել. տարբեր առիթներով այդ թվերը հրապարակվել են՝ տարեկան 3000-4000 տոննա ձկնագողություն է եղել»,-ասաց նա և օրինակ բերեց, որ վերջերս միայն մեկ օրում 20 տոննա ձուկ են առգրավել:

«Վերջին օրերին ցանցերի մեջի ձուկն առգրավեցինք, տարանք, բոլոր զորամասերին բաժանեցինք. ավելի քան 20 տոննա ձուկ էր հավաքվել այդ օրը»,-ասաց նա: 

«Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը նշեց, որ չնայած նման պայմաններին,  իրենց հաջողվել է «ճակատ տալ» ձկնագողերի հետ և սիգի պաշարների նման աճ ունենալ: 

«Երբ որ ինձ ընդունել են արգելոցի տնօրեն, այդ ժամանակ մայրական կազմ սիգը մենք պետք է փորձեինք արհեստական վերարտադրել՝ մատղաշներ ստացանք, մեծացրինք մինչև ապրանքային տեսքը հասցրինք: Բայց համոզվեցինք, որ սրա արհեստական վերարտադրությունը պետությանը կամ ինչ-որ մեկին տնտեսապես չի կարող ձեռք տալ, և առաջարկվեց, որ կոնկրետ սիգի ծավալները պետք է ավելացվի պահպանական միջոցառումների միջոցով: Ի պատիվ մեզ՝ հաջողվեց այդ ծավալներն ավելացնել»,- ասաց նա և պատմեց, որ իրենք մաքրել են ափամերձ վայրերի ձվադրավայրերը: 

«Այդ հատվածները մաքրվեց, ձուկը եկավ ձվադրման, այնուհետև սկսեցինք այդ հատվածներում խստիվ արգելել որևէ տեսակի որս: Ամբողջ լիճը ճիշտ է չէինք կարողանում պահել, բայց այդ փոքր հատվածներում կարողանում էինք արգելքներ դնել, հետո շուրջօրյա հերթապահություններ սահմանեցինք, հսկիչ կետեր դրվեցին այդ վայրերում»,-պատմեց նա: 

Գուլանյանը նշեց, որ բացի այդ, իրենք ձկնորսների հետ են աշխատել, փորձել նրանց գիտակցությունը բարձրացնել. «Կարողացանք համոզել, որ գոնե արգելքի հատվածում իրենք ինքնակամ հանեն ցանցերը: Ավելի քան 50-60 ձկնորս մեր հետ աշխատել են, պայքարել են մնացած այլ ձկնորսների դեմ, որպեսզի մանրաձուկ չորսան»: 

Գուլանյանը նաև նշեց, որ հասել են նրան, որ ձկան գիրության գործակիցն է ցածրացել. «Իսկ դա նշանակում էր, որ ձկան կերը այն ժամանակ նորմայից շատ էր, գիրության գործակիցը մեծ էր, իսկ հիմա ձկները հետ են եկել նորմային»: 

Ազգային պարկի տնօրենի խոսքով՝ ձկան որսի թույլտվության պիլոտից հետո կհասկանան կառավարելիության աստիճանը, որ չվնասեն ձկան վերարտադրողականության պաշարներին. «Պետք չէ վախենալ: Եթե վախենանք, միշտ ունենալու ենք ապօրինի ձկնագողություն և վատ կառավարվող պաշարներ»:

Իսկ թե վերջնական երբ կսկսեն ծրագիրը, Գուլանյանը նշեց, որ դրանք բավական երկարատև միջոցառումներ են իրենից ներկայացնում՝ ձկնորսների հաշվառում, ընդունման կետերի ստեղծում, ձկան գնի կառավարում. «Որ այնպես չլինի, որ մեկ ձկան գինը 60 դրամ լինի, որ ռեֆերենտ կետեր լինեն, և ի վերջո հասկանան, թե պիլոտը ինչքանով է հաջողվում իրականացնել: Տա Աստված եթե ամեն ինչը նորմալ ընթանա և ստացվի կայուն համակարգի ներդրումը, եթե ոչ՝ արգելելու մեխանիզմը միշտ կա ու կա»: 

Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը ճիշտ հակառակ պնդումն է անում. «Սիգի որսի օրինականացումը մեր նախաձեռնությունը չի եղել, որ մենք առաջարկենք՝ եկեք, պիլոտ արեք. դա իրենք արդեն որոշել էին ու մեզ միայն տեղյակ պահել: Հակառակը՝ ասում էինք, որ անիմաստ է, բայց իրենք իրենցը որոշեցին, մենք էլ տվել ենք մասնագիտական պատասխան, թե ինչ ձևով անեն, որ հնարավորինս քիչ վնաս տան»: 

Բարդուղ Գաբրիելյանը վրդովվեց «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի հայտարարությունից, որ ձկան քանակը շատ-շատ է»։ «Ինքը միշտ ասում է՝ շատ-շատ է ու արդյունքն էն եղավ, որ ձուկը վերջացավ, սկսեցին մտածել՝ ինչ անել, որ վերարտադրվի: Նույնը խեցգետնի դեպքում էր. քանի տարի առաջ էլ էր ինքը հայտարարում, որ խեցգետինը շատ է և արդյունքն ի՞նչ՝ էլի վերջացավ: Հիմա գնացեք, ասեք՝ ո՞ւր են բա խեցգետնի պաշարները, որ էն ժամանակ մեծ-մեծ խոսում էիք: Ինքը ո՞նց կարող է նման հայտարարություն ունենալ: Այս մարդիկ երկար տարիներ ուսումնասիրում են, դրա հիման վրա են ասում, դու ինչի՞ հիման վրա ես ասում՝ շուկաների վաճառքի՞, թե՞ նալոգների, որ բերում, տալիս են քեզ»: 

Նրա համար զարմանալի էր, որ վերահսկող մարմինը խոսում է 3000 տոննայից ավելի ձկնագողության մասին. «Իրենք չեն տարբերում արդյունագործական պաշարը ընդհանուր պաշարից, ես մեռա դրանց բացատրելով: Իր համար արդյունագործականը, երևի, մանր «մալյոկներն» են, որ վաճառում են»:

Ըստ Գաբրիելյանի՝ անցյալ տարվա տվյալներով սիգի ընդհանուր պաշարները 3000 տոննային մոտ են եղել, որից 740 տոննան է եղել արդյունագործական պաշարը:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը ենթադրում է, թե ինչու են ձկան պաշարների վերաբերյալ նման թվեր ցույց տալիս. «Դա գիտե՞ք ինչի համար են ասում, որովհետև ինքն այնտեղ ձկան պահածոյի գործարան ունի, որովհետև իրենց ձեռք է տալիս, որ պիլոտային ծրագիր անեն և այդ ձևով պահածո արտադրողներին հովանավորեն, հասկացա՞ք: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ հսկող մարմինը նման հայտարարություն է անում՝ փոխանակ հսկի, հանելուց է խոսում: Չգիտեմ՝ կառավարությունն ինչու է գնում այս քայլին, բայց վերահսկող մարմինները՝ ազգային պարկ, նախարարություն, իրենք նույնն են, ինչ որ առաջ էին, դեռ ավելի վատը»: 

Գաբրիելյանը պարզաբանեց. «Ենթադրենք 20 ձկնորսի բերեցին օրինական դաշտ, ովքեր հարկեր մուծեցին, մնացածին ի՞նչ են անելու: Եթե կարում են հսկեն՝ թող հսկեն, ինչո՞ւ չեն հսկում, ինչպե՞ս են 20 հոգուն հսկելու, մնացածին՝ ոչ... պարզ է չէ՞, որ սրանք չեն գա, այդպես աշխատեն, որովհետև իրենց ձուկն ավելի թանկ կլինի, քանի որ իրենք հարկ են մուծելու, նրանք ոչ: Պիլոտը իմաստ կունենա այն դեպքում, որ նրանք, ովքեր օրենքով հանելու են ձուկը, կարողանան մնացածին էլ վերահսկեն՝ չթողեն, բայց եթե չեն վերահսկելու, ուրեմն դա միայն միտում է, որպեսզի ծածկեն իրենց անօրեն պահածոների արտադրանքը, նաև՝ ծխեցված, ապխտած ձկների վաճառքը»: 

Բացի այդ նա նշեց, որ չեն հիմնավորում, թե պիլոտային ծրագրի առանձնահատկությունը որն է. «Պիլոտային ծրագիրը նշանակում է կիրառման նոր ձև, մեթոդ, բայց սրանք էն հինն են ուզում էլի բերեն, որը ժամանակին իրեն չի արդարացրել և հիմա ուզում են նորից կրկնեն: Իմաստը ո՞րն է, չեմ հասկանում»: 

Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ պիլոտի արդյունքում մինչև հիմա ինչքան անօրինական ձուկ են բռնել, այդքան էլ կշարունակեն բռնել, ուղղակի արդեն օրենքի շրջանակներում:

 

Ինչո՞ւ են պատկան մարմինները շահագրգռված, որ սիգի որսն օրինականացվի, եթե մասնագետները դեմ են