«Ես ճնշում չեմ գործադրել Զելենսկու վրա, ես նման բան չէի անի». Թրամփ
ԱՄՆ-ն Ուկրաինային չի սպառնացել ֆինանսական օգնության դադարեցմամբ, եթե Կիևը հրաժարվի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունների հետաքննությունից։ Այս հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է korrespondent.net-ն:
«Ես չեմ խնդրել…Ես նման հայտարարություն չեմ արել, որ պետք է սա անեք, հակառակ դեպքում ես ձեզ օգնություն չեմ տրամադրի: Ես նման բան չէի անի»,- հայտնել է Թրամփը՝ հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր զրույցի բովանդակության մասին հարցին ի պատասխան, որը սկանդալ է առաջացրել Վաշինգտոնում:
Բացի այդ, ԱՄՆ-ի ղեկավարը հնարավոր է համարել, որ Սպիտակ տունը կհրապարակի Զելենսկու հետ զրույցի սղագրությունը:
«Երբ տեսնեք հեռախոսազրույցի բովանդակությունը…Եթե տեսնեք, և եթե անկեղծ, հույս ունեմ՝ կտեսնեք, կհայտնաբերեք, որ ես նման բան չեմ ասել»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան Զելենսկու վրա ճնշումներ գործադրելու մասին շրջանառվող լուրերի:
Թրամփի խոսքով՝ ինքը կարող է հեշտությամբ կարգադրել հրապարակել Զելենսկու հետ զրույցի սղագրությունը, սակայն չի ցանկանում այդպիսով նախադեպ ստեղծել:
«Կարող եմ դա հեշտությամբ անել, սակայն չէի ցանկանա անել՝ հաշվի առնելով արտասահմանյան առաջնորդների հետ իմ բոլոր զրույցները: Ես կարող եմ այս դեպքում անել, քանզի այն անվնաս հեռախոսազրույց էր՝ ինչպես իր, այնպես էլ ինձ համար: Չեմ կարծում՝ պետությունների ղեկավարների հետ զանգերի բովանդակությունը հրապարակելը լավ նախադեպ է»,- հայտարարել է Թրամփը:
Վկայակոչելով ուկրաինական կողմի արտահայտությունները՝ նա նաև նշել է, որ Կիևը երկու առաջնորդների հուլիսյան զրույցը «շատ լավ» է համարել:
«Եվ նրանք նաև նշել են, որ նախագահի վրա ճնշում չի գործադրվել», - եզրափակել է Թրամփը:










