Ռոհանին ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ-ին մեղադրել է «տնտեսական ահաբեկչություն» իրականացնելու մեջ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Իրանը բախվել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «տնտեսական ահաբեկչությանը»:
«Ես ելույթ եմ ունենում երկրի անունից, որը դիմակայում է ամենադաժան տնտեսական ահաբեկչությանը և պաշտպանել է անկախության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման իր իրավունքը: ԱՄՆ իշխանությունները, պատժամիջոցներ սահմանելով և սպառնալով ուրիշ երկրների, մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի զրկեն Իրանին համաշխարհային տնտեսությանը միանալու առավելությունից՝ ոչ ըստ նշանակության օգտագործելով միջազգային բանկային համակարգը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին:
Բացի այդ, Իրանի նախագահը տարածաշրջանի երկրներին հրավիրել է ընդգրկվել Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված «հույսի կոալիցիայի» կազմում:









