Պերուում նախագահն ու խորհրդարանը դադարեցրել են միմյանց լիազորությունները
Պերուի նախագահ Մարտին Վիսկարրան լուծարել է Կոնգրեսը և 2020 թվականի հունվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակել, ինչին ի պատասխան՝ խորհրդարանը նախագահին անգործունակ է ճանաչել և փոխնախագահ Մերսեդես Արաոսին նշանակել է երկրի ղեկավարի նոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում է El Peruano-ն՝ խորհրդարանի մամուլի ծառայությանը հղումով:
Հաղորդվում է նաև, որ Մերսեդես Արաոսը Վիսկարրայի որոշումն անօրինական է ճանաչել, իսկ ընդդիմադիր օրենսդիրները նախագահին մեղադրել են «պետական հեղաշրջում» կազմակերպելու փորձի համար:
Խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը պատկանում է ընդդիմադիր «Ազգային ուժ» կուսակցությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Ամերիկյան պետությունների կազմակերպության քարտուղարությանը նամակ է հղել, որում նշվում է «ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքի» մասին:
Մարտին Վիսկարրան հայտարարել է, որ Կոնգրեսի լուծարման պատճառը Սահմանադրական դատարանի բարեփոխումների դեմ պատգամավորների բոյկոտն է:
Պերուի նախագահը երկուշաբթի առավոտյան Կոնգրեսի առջև վստահության հարց էր դրել, որը կապված է եղել գործող վարչակազմի համար Սահմանադրական դատարանի առանցքային բարեփոխումների հետ, որը ենթադրում է դատավորների նշանակման կարգի փոփոխություն:
Կոնգրեսականները նախագահի վստահության և դատական բարեփոխումների մասին որոշումը հետաձգել են օրվա երկրորդ կեսին, որից հետո քվեարկություն են անցկացրել Սահմանադրական դատարանի հերթական անդամի թեկնածության օգտին: Վիսկարրան դա գնահատել է որպես վստահության մերժում:
Հիշեցնենք, որ Պերուի նախագահ Մարտին Վիսկարան պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի մարտի 24-ին՝ Պեդրո Կուչինսկու հրաժարականից հետո:










