Մեգան Մարքլը դատի է տվել այն պարբերականին, որը հրապարակել է հորն ուղղված իր նամակը

01:06 • 02.10.19

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը դատի է տվել The Mail on Sunday պարբերականին, որը հրապարակել է հորն ուղղված իր անձնական նամակը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինն իր հայցադիմումում մեղադրում է թերթին և դրա հրատարակչին` հեղինակային իրավունքի մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու և անձնական տեղեկատվության ոչ արդար օգտագործման համար:

Մեգանի նամակի հրապարակումը երկարատև սկանդալի ևս մեկ փուլ էր, որը վերաբերում է նրա և հոր վատ հարաբերություններին: Թոմաս Մարքլը ներկա չէր եղել դստեր հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 19-ին: Թոմաս Մարկլի բազմաթիվ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ դուստրն իր նախաձեռնությամբ է խզել հարաբերություններն իր հետ:

Փետրվարի սկզբին դքսուհուն շտապել էին պաշտպանել նրա ընկերները, որոնք հայտնել էին, որ հորն ուղղված նամակում Մեգանը խնդրել էր հաշտվել իր հետ: Օրեր անց Թոմաս Մարքլը The Mail on Sunday-ին էր փոխանցել նամակի բովանդակությունը: