Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են Թրամփի և Զելենսկու «հեռախոսազրույցի գործով» երկրորդ տեղեկատուի մասին

00:12 • 07.10.19

ԱՄՆ հետախուզական հարցերով գլխավոր տեսուչ Մայքլ Աթքինսոնի հետ ևս մեկ իրազեկիչ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, իրավաբան Մարկ Զայդի խոսքով, որը ներկայացնում է այդ մարդու շահերը, նրա մոտ առավել ստույգ տվյալներ կան նախագահների զրույցի մասին:

Վերջինս դիմել է Աթքինսոնին՝ իր տեղեկությամբ կիսվելու համար: Հաղորդումների համաձայն՝ նոր տեղեկատուն հանդիսանում է ԱՄՆ հատուկ ծառայություններից որևէ մեկի աշխատակիցը: Զայդը նշել է, որ կոնգրեսականների հետ անմիջական կապ նա դեռ չի հաստատել: Զայդը ներկայացնում է նաև այս գործով առաջին տեղեկատուի շահերը:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունն ավելի վաղ հրապարակել էր Թրամփի և Զելենսկու զրույցի սղագրությունը, որից հետևում է, որ ամերիկացի ղեկավարն անդրադարձել  նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու թեմային: