«Թուրքիան սկսում է ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում». Էրդողան

17:28 • 09.10.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի, հայտնում է «Անադոլու»-ն:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ:

«Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաքի մասին և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և այս պատմական պահին դիմադրություն ցույց տալու»,- ասված է վարչակազմի մամուլի հայտարարության մեջ:

Իրաքյան Քուրդիստանում և աշխարհի այլ անկյուններում բնակվող քրդերին էլ վարչակազմը կոչ է արել բողոքի ակցիաներ անցկացնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:

Թուրքիայի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի աջակցի և չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում: