Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի նախկին խորհրդական Սոֆյա Նավասարդյան

11:55 • 14.10.19

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճաբան-վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն ազատվել է աշխատանքից, ընդ որում, շատ կոշտ ձևով:

Tert.am-ի հետ զրույցում Սոֆյա Նավասարդյանը նշեց, որ աշխատանքից հեռացել է իր դիմումի համաձայն:

«Ես աշխատանքից ազատվել եմ օգոստոսի 5-ից, իմ սեփական դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով»,- նշեց նա:

«Այն, ինչ մինչև հիմա իմ մասին գրել են, 5 տոկոսով անգամ չի համապատասխանում ո՛չ իմ գործունեությանը, ո՛չ իմ մասնագիտությանը: Վարսահարդարման, դիմահարդարման, մոդելավորման և բոլոր ոճային հարցերով զբաղվելու հմտությունները իմ առավելություններն են, որոնք Աննա Հակոբյանին ազատել են այլ աշխատողներ ունենալու ծախսից: Բայց իմ մասնագիտությունն այլ է»,- հավելեց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Սոֆյա Նավասարդյանը 2018 թ. սեպտեմբերի 6-ին նշանակվել էր վարչապետի օգնական, մինչ այդ զբաղվում էր վարչապետի և նրա տիկնոջ իմիջով:

Որոշումը տեղադրվել էր e-gov.am կայքում:

Որոշման մեջ ասվում էր. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝  Սոֆյա Նավասարդյանին նշանակել վարչապետի օգնական»:

Օրեր անց կայքից անհետացավ հրամանագիրը, և վարչապետի՝ Գերմանիա այցին առնչվող հրամանագրի հավելվածից պարզ դարձավ, որ Սոֆյա Նավասարդյանի հաստիքը վերաձևակերպվել է, նա ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառութների համակարգող էր նշանակվել: