Երկրների՝ Թուրքիային զենք չվաճառելու արգելքը ժամանակավոր է. այն իրավիճակի վրա մեծ ազդեցություն չի ունենա. թուրքագետ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Թուրքիան Սիրիայի տարածքում ունի երկարաժամկետ մտադրություններ. Թուրքիայի նպատակը տարածքների ընդլայնումն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող իրադրությանը, ինչպես նաև Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան «աչք չունի» սիրիական տարածքների վրա:
«Կարծում եմ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն անկեղծ չէ իր հայտարարության մեջ, որովհետև Թուրքիայի համար Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածի տարածքները բավականին կարևոր են: Թուրքիան իր պատմության ընթացքում ցույց է տվել, որ տարբեր պատմական շրջափուլերում փորձել է ընդլայնել իր երկրի տարածքները: Եվ այս դեպքում, կարծում եմ, Թուրքիայի կարևոր խնդիրներից մեկը հենց դա է:
Հետևաբար Թուրքիան Սիրիայի տարածք ժամանակավոր չի մտել, Էրդողանն այստեղ երկարաժամկետ ներկայություն է պլանավորում: Սիրիայի տարածք մտնելով՝ Թուրքիան փորձում է նաև խանգարել տարբեր դրսևորումներով քրդական ինքնավարության ստեղծմանը: Թուրքիայի մեկ այլ կարևոր նպատակն է այդ հատվածում ստեղծել այնպիսի էթնիկ համամասնություն, որտեղ քրդերը չեն լինի մեծամասնություն»,-ասաց թուրքագետը:
Անդրադառնալով մի շարք երկրների՝ Թուրքիային զենք վաճառելու արգելքին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ եթե այդ արգելքը լինի ժամանակավոր, ապա դա իրավիճակի վրա լուրջ ազդեցություն չի ունենա. «Կարծում եմ՝ սա Թուրքիային ճնշելու և որոշակի զիջումներ ստիպելու ժամանակավոր լուծում է, ինչը 70-ականներին Կիպրոսի պարագայում եղավ: Նման իրավիճակները ոչ առաջինն են, ոչ վերջինը»:
Հարցին՝ Հայաստանը Ռուսաստանի հումանիտար առաքելության շրջանակում հումանիտար առաքելություն է իրականացնում Սիրիայում, արդյոք սա չի հակասում Հայաստանի կոշտ դիրքորոշմանը թուրքական ռազմական գործողությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը բացահայտ սատարում է թուրքական գործողություններին, Պետրոսյանը նշեց՝ այստեղ որևէ հակասություն չի տեսնում. «Հաշվի առնելով ռուս-սիրիական հարաբերությունները, և այն, որ արդեն պաշտոնական Դամասկոսն է կառավարական ուժեր տրամադրել քրդերին, նշանակում է, որ Ռուսաստանը հակադրվում է Թուրքիայի շահերին: Այս փուլից հետո Թուրքիան Ռուսաստանի հետ կարող է ունենալ որոշակի խնդիրներ՝ կախված նրանից՝ ինչ քայլեր կանի Էրդողանը»,-հավելեց նա:
Թուրքագետը, խոսելով նաև Սիրիայում տիրող իրավիճակի հանգուցալուծման մասին, կանխատեսեց՝ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողությունները դեռ երկար չի դադարեցնի. «Դա կնշանակի Թուրքիայի պարտություն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս ալ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի ուղղությամբ: Նպատակը տարածքը քրդական ահաբեկիչներից մաքրելն է, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելն է: Հոկտեմբերի 14-ին էլ քրդական խմբավորումները համաձայնության էին եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:
Շարունակությունը՝ տեսանյութում:










