Առողջապահության նախարարությունը նվազեցրել է հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսավորումը և ցանկանում է փակել այն. աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ)

09:47 • 15.10.19

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները գործադուլ են անում։ Ակցիայի մասնակիցները նշում են՝ բողոքի պատճառն այն է, որ Առողջապահության նախարարությունը նվազեցրել է դիսպանսերի ֆինանսավորումը և ցանկանում է այն ընդհանրապես փակել։

«Այստեղ օպտիմալացման հարց կա: Մենք կարող ենք մեր ծառայությունները Աբովյանում օպտիմալացնել, բայց մեզ գոնե ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների համար հատկացնեն որոշակի պահպանման ծախսեր, որ մենք կարողանանք ինչ-որ տեղ շատ սեղմ պայմաններով ապահովել այդ ծառայությունները: Սակայն կարծում եմ, որ այդ առաջարկն էլ չընդունվեց, հետևաբար, մենք հասկանում ենք, որ գնում ենք փակման»,- ասաց Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսիստ Մանուշակ Հակոբյանը:

Նա նշեց, որ դիմել են քաղաքապետարան և քաղաքապետարանը մինչ այժմ նրանց կողքին է, պատրաստ՝ աջակցելու: Իսկ նախարարության վերջին պատասխանը եղել է այն, որ նրանք ամեն ինչ անում են և ամեն բան գնում է օպտիմալացման։

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները նաև բաց նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հակոբյանը պարզաբանեց՝ եթե հիմա ակցիա են իրականացնում, ուրեմն նրանց ձայնը դեռ չի լսվել: «Մենք հիմնականում ուզում ենք, որ ժողովուրդը չհամալրի գործազուրկների շարքը, որովհետև դա հիմա մեր ամենացավոտ տեղն է: Այսօր միանգամից 70 հոգու գործազուրկ թողնելը ճիշտ չէ: Մենք ուզում ենք, որ պատկան մարմիններն այդ մասին իմանան»,- նշեց նա: