«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ռեկտորի պաշտոնին առաջադրվող չափանիշները թույլ են. Անահիտ Ֆարմանյան

21:04 • 15.10.19

Tert.am-ը հրապարակում է Բարձրագույն կրթության որակի ապահովման փորձագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Այս պահին շրջանառության մեջ է դրված երկար տարիներ սպասված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային տարբերակը: Օրենքի նախագիծը լուրջ քննարկման թեմա է դարձել   հասարակության և, առավել ևս, բուհական համակազմի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում՝ վեր բարձրացնելով դրական և բացասական կողմերը:  

Բնականաբար, օրենքում ամրագրված են շատ կարևոր հոդվածներ, որոնք ուղղակի անհրաժեշտությունն են բարձրագույն կրթության առաջընթացի ապահովման համար և բխում են բարձրագույն կրթության և գիտության ներկայիս մարտահրավերներից:

Կանգ առնեմ, իմ կարծիքով, ամենակարևոր մի քանի հոդվածների վրա.

1.      Չնայած այն հանգամանքին, որ գործող «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում առկա է բուհի ինքնավարության, իրավասության և ակադեմիական ազատության շրջանակներին վերաբերվող հոդված, սակայն շատ թույլ է բուհի հաշվետվողականության պահանջը: Բնականաբար, ինքնավարությունը պետք է համեմատական լինի հաշվետվողականությանը: Ներկայացված նախագծում շատ ավելի հստակեցված են բուհի ինքնավարությունը և հաշվետվողականությունը:

2.      Բոլոնյան գործընթացից անցել է արդեն երկու տասնամյակ, սակայն բուհերը որակի ապահովումն ընկալում են ոչ թե որպես պատասխանատվություն, այլ որպես պարտադրանք: Օրենքի նախագծում ներկայացված է, որ բուհերը, բացի  ինստիտուցիոնալ պարտադիր հավատարմագրումից պետք է հավատարմագրեն նաև Մասնագիտության կրթական ծրագրերը, ինչը շատ ողջունելի է: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը, թերևս, կարող է պատասխանել այն հարցին, թե այդ հաստատությունը կարո՞ղ է շարունակել գործունեությունը, թե՞ ոչ, սակայն չի կարող վստահ պատասխանել ուսանողի և ծնողի համար ավելի կարևոր այն հարցերին, թե արդյոք յուրաքանչյուր կրթական ծրագրի որակն ապահովված է, կրթական ծրագիրը մրցունակ է, համապատասխանում է աշխատաշուկայի պահանջներին:

3.      Մասնագիտության կրթական ծրագրերի կառուցում, որտեղ լիարժեքորեն պահպանվում է բուհի ակադեմիական ազատությունը, ամրագրված չէ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցումը: Սակայն սա չի նշանակում արգելել այդ դասընթացների ուսուցումը, որը քննարկման լուրջ թեմա է դարձել: Բնականաբար, բուհը, ունենալով ակադեմիական ազատություն, դուրս գալով ՈԱՇ-ի և ՈՈՇ-ի պահանջներից, հստակ կգիտակցի՝ ո՞ր կրթական ծրագրում է անհրաժեշտ ուսումնասիրել, իսկ որում՝ ոչ:

4.      Կարևորագույն փոփոխություն է համարվում լրիվ և մասնակի բեռնվածությամբ ուսանողի ուսումնառությունը, այսպիսով՝ հրաժեշտ տալով հեռակա անորակ կրթությանը: Եվ այլն…

Բնականաբար, բուհերը, ունենալով ինքնավարության նման աստիճան (կազմակերպական, ակադեմիական, մարդկային և ֆինանսական ռեսուրսների կառավարման), ինստիտուցիոնալ մակարդակում կարող են տալ գրեթե բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք շատերի համար խնդիր են թվում: Իրոք, սա չէ խնդիրը. խնդիրն այն է, թե ո՞վ է բուհի ռեկտորը, անկախ նրանից, որ կառավարվում է նաև կոլեգիալ սկզբունքով, արդյո՞ք անձը տիրապետում է ոլորտին և ոլորտի մարտահրավերներին, արդյո՞ք  ընկալում է կրթության որակի պատասխանատվությունը և գործընթացին չի մոտենում որպես պարտադրանքի և այլն: Մոտ օրերս ավարտեցի մի ծավալուն ուսումնասիրություն «Ինստիտուցիոնալ մակարդակում բուհերի կառավարման և վարչարարության հիմնախնդիրները» թեմայով (աշխատանքն ուղարկված է տպագրության): Ուսումնասիրվեցին ՀՀ պետական բոլոր 22 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման համար ներկայացված ինքնավերլուծությունները,  փորձագիտական զեկույցները, ՈԱԱԿ-ի եզրակացությունները, հավատարմագրման հանձնաժողովի եզրակացությունները, ինչպես նաև հարկ եղած դեպքում բուհերի կայքերում տեղադրված ռազմավարական ծրագրերը, կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն: Իհարկե, պատկերը շատ մտահոգիչ է: Չնայած բուհերի ծավալած հսկայական աշխատանքներին՝ դեռևս առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և լուրջ մարտահրավերներ: Հիմնականում բուհը դեռևս իրեն չի համարում որակի ապահովման հիմնական պատասխանատու, տրված ինքնավարությունը դեռևս չի իրացվել արդյունավետ: Բնականաբար, այս բոլոր խնդիրները կստանան իրենց լուծումները, եթե բուհը ղեկավարվի ոլորտը տիրապետող անձանց կողմից: Այլապես դուրս գալով առկա մարտահրավերներից (ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ ամրագրված հսկայածավալ թերություններ և առաջարկվող ծրագրային հավատարմագրման պարտադիր պայման)՝ մեկ տարին լրիվ բավարար ժամանակ է, որ ոլորտի մարտահրավերներին խորքային չտիրապետող ռեկտորը, անգամ լուրջ ռեսուրսների դեպքում, անդունդի եզրին կանգնեցնի բուհը:

Այս ամենով հանդերձ, շատ մտահոգիչ են օրենքի նախագծում ռեկտորին ներկայացված չափանիշերը. «Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան և բուհում դասավանդման կամ գիտական կամ վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ և բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 5 տարվա փորձ»:

Այսինքն, ցանկացած դասախոս, ով ունի գիտական աստիճան և 5 տարվա բուհական համակարգի դասավանդման փորձ, կարող է դիմել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին: Չնայած այն հանգամանքին, որ ռեկտորի գործունեության հաշվետվությունը ևս խստացված է՝ այս չափանիշը չխստացնելու դեպքում բուհերը գրանցելու են էլ ավելի վատ արդյունք, եթե կառավարման խորհրդի կողմից չընտրվի ոլորտին տիրապետող անձ: Ռեկտորին օրենքով տրված լիազորությունները պահանջում են շատ ավելի որակական չափանիշներ, որոնք այս պահին չսահմանելու դեպքում կունենանք տխուր պատկեր:

Ռեկտորի թեկնածուն պետք է ունենա մարդկային և ֆինանսական ռեսուրսների կառավարման հմտություն, տիրապետի ՀՀ կրթության ոլորտի իրավական դաշտին, որակի ապահովման գործընթացին և բարձրագույն կրթության մարտահրավերներին: Կրթության լիազոր ներկայացուցիչը կարող է մշակել վերոնշյալ ոլորտների իմացության գիտելիքների գնահատման համապատասխան չափանիշներ՝ իրականացնելով գնահատում (ցանկալի է մարդկային գործոնի բացակայությամբ՝ համակարգչային եղանակով) ու տրամադրելով վկայագրեր: Նման անձինք հետագայում իրավունք կունենան մասնակցելու ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին: 

Առաջարկվում է հետևյալ տարբերակը. «Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, 5 տարվա բարձրագույն կրթության ոլորտի կառավարման փորձ և համապատասխան վկայագիր՝  ռեկտորի  պաշտոն զբաղեցնելու համար»:  Վկայագիրը տրամադրվում է կրթության լիազոր մարմնի կողմից՝ համապատասխան կարողությունների և հմտությունների առկայության դեպքում:

Նկատենք, որ ՀՀ-ում հանրակրթությունը, չունենալով ինքնավարության լուրջ շրջանակ, շատ ավելի լուրջ որակական պահանջներ է դնում դպրոցների տնօրենների առջև, քան բուհերի՝ առկա պատասխանատվություն և ինքնավարության նման աստիճանի դեպքում: