Բավական է ժողովրդին կերակրել ձերբակալությունների լուրերով, ժողովուրդը սպասում է տնտեսական հեղափոխության. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

21:22 • 15.10.19

Սահմանադրական դատարանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ չընդունելը սպասելի էր, մենք հիմքերն ուսումնասիրել էինք ու պնդում էինք, որ դրանք իրավաբանորեն խոցելի են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ եթե իշխանությունն ուզում է մի լավ բան անել դատարանների անկախության ապահովման հարցում, ճիշտ կանի՝ համակերպվի այդ որոշման հետ. «Սահմանադրական դատարանը երշիկի արտադրամաս չէ, որ երբ ուզեն՝ լուծարեն: Դրա համար պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ անել»:

Ըստ Պետրոսյանի՝ եթե անգամ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, դա վերաբերում է դատավորներից Վահե Գրիգորյանի անգործությանը, և ՍԴ-ն կարող է քննել նրան պաշտոնանկ անելու հարցը. «Մեր պետական բյուջեն ինչո՞ւ է նման դատավորի կերակրում, և ինչո՞ւ Պետական վերահսկողական ծառայությունը կամ Հաշվեքննիչ պալատը չեն անդրադառնում այս թեմային»:

Պատգամավորի կարծիքով՝ որևէ կուսակցություն իրավունք չունի գնահատական տալ իրավական գործընթացին, քանի դեռ այն չի ավարտվել: Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցի շուրջ, օրինակ, ԲՀԿ խմբակցության անդամներից Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր դիրքորոշումը՝ պնդելով, թե երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, բայց դա նրա մասնավոր կարծիքն է և, ըստ Պետրոսյանի, չի արտացոլում խմբակցության տեսակետը. «Աղմկահարույց դատավարությունների հետաձգումը կասկած է առաջացնում, որ իշխանությունը քաղաքական մոտեցում ունի: Դատավարական գործընթացների ավարտից հետո կգնահատենք՝ որքանով է անձին առաջադրված մեղադրանքը հիմնավոր: Հիմա մեր բանուգործը թողնենք, ընթացող դատավարություններին քաղաքական գնահատակա՞ն տանք»:

Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ դատական համակարգում արգելված է վիրահատական միջամտությունը, և եթե 250 դատավորներից ազատվենք, ովքե՞ր են իրականացնելու արդարադատություն. «Բավական է ժողովրդին կերակրել ձերբակալությունների լուրերով, մի օր՝ Գագիկ Խաչատրյան, հաջորդը օրը՝ Արա Վարդանյան: Ժողովուրդը սպասում է տնտեսական հեղափոխության, բայց դա պետական մակարդակով խաբկանք է դարձել: Այսօր մեր ամբողջ առօրյան, կենցաղը, կյանքը լցված է ձերբակալություններով, դարձել ենք մարտաֆիլմի մասնակիցներ: Ժողովուրդն ի՞նչ է շահել այս դատավարություններից, մարդկանց ընդամենը կերակրում են այդ տեսարաններով»:

Պատգամավորի կարծիքով՝ եթե հեղափոխության արդյունքում մարդկանց կյանքի որակը չի բարելավվել, ուրեմն դա եղել է ընդամենը անձանց փոփոխում:

«Տնտեսական հեղափոխություն ժողովրդի համար չի եղել, առանձին մարդկանց համար է եղել»,- ամփոփել է Պետրոսյանը:

Դավիթ Սարգսյան