Կանադայի խորհրդարանական ընտրություններում Թրյուդոյի կուսակցությունը, նախնական տվյալներով, բացարձակ մեծամասնություն չի ապահովում խորհրդարանում

09:42 • 22.10.19

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կուսակցությունը, որն առաջատարն է խորհրդարանական ընտրություններում, ԿԸՀ-ի կայքում հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ բացարձակ մեծամասնություն չի ապահովում խորհրդարանում, գրում է ria.ru-ն:

Բոլոր 338 ընտրատարածքներից ձայների նախնական հաշվարկից հետո Թրյուդոյի կուսակցությունն առաջատարն է 158 ընտրատարածքներում: Պահպանողականներն առաջատար են 119 ընտրատարածքներում:

Ընդ որում՝ լիբերալները և նրանց գլխավոր մրցակից պահպանողականները ստանում են ընտրողների նույն աջակցությունը՝ 34-ական տոկոս: Կանադայում, ըստ էության, գործում է երկկուսակցական համակարգ. Լիբերալ և Պահպանողական կուսակցությունները տասնամյակներ շարունակ հերթով անցնում են իշխանության գլուխ:

Հիշեցնենք, որ երեկ Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները: Ընտրությունների արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք լիբերալների 48-ամյա առաջնորդ Թրյուդոն կկարողանա պահպանել վարչապետի պաշտոնը:

Լիբերալների գլխավոր մրցակիցը Պահպանողական կուսակցությունն է՝ Էնդրյու Շիրի գլխավորությամբ: