Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության գործունեության կարգի վերաբերյալ․ Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ. փոխոստիկանապետ (տեսանյութ)
Նախ եկեք փոփոխությունների նախագիծը չհամարենք բարեփոխումների նախագիծ, ես հեռու եմ այդ մտայնությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը`անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն:
«Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ: Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Եվ մեր կարծիքին շուտով կարող եք ծանոթանալ, երբ հրապարակվի ռազմավարության ծրագիրը: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»-ասաց Քոչարյանը:
Վերջինիս կարծիքով` նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:
«Իհարկե, կիսում եմ նաև հեղինակի կարծիքը, որ ոստիկանական առկա պաշտոններն ավելի շատ քաղաքական ազդեցությունների հակվածություն ունեն, այդ մասով, կարծում եմ, ճշմարտություն կա, բայց դա արձանագրելով ու գնահատելով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այլ լուծումներ էին պետք: Սա Ոստիկանության դիրքորոշումն է: Ասեմ, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, բայց ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը կողմ է»,-նշեց փոխոստիկանապետը:
Նա տեղեկացրեց, որ Կառավարության դիրքորոշումն էապես համընկնում է Ոստիկանության դիրքորոշման հետ: «Կառավարությունը մեր կարծիքը հաշվի էր առել, Արդարադատության նախարարության տեսակետն էր հաշվի առել, այնտեղ մեր առարկությունները համապարփակ դրված էին, բայց քանի որ ԱԺ-ն այսօր այլ որոշում է կայացվել, մեզ մնում է հարգանքով վերաբերվել ԱԺ-ի քաղաքական որոշմանը»,-ասաց Հովհաննես Քոչարյանը:
Նրա խոսքով` նախագծում խնդիրը հիմնավորումների մեջ է: «Ես չեմ կարծում, որ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական սարքելը ճիշտ լուծում է: Ես չեմ կարծում, որ այս փոփոխություններով ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն է իրականացվում, բոլորովին`ոչ: Սահմանադրությունը արգելքներ է նախատեսում, և մինչև սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա»,-մեկնաբանեց Քոչարյանը` ընդգծելով նաև, որ Ոստիկանության առկա մոդելը որոշակի փոփոխությունների պարագայում ավելի արդյունավետ կգործի:
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:










