Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ նախաքննության ժամկետը երկարաձգվել է. փաստաբան

20:57 • 23.10.19

ՌԴ Քննչական կոմիտեն երկու ամսով երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործի նախաքննության ժամկետը:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը տեղեկացրել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը հինգշաբթի կքննարկի ՔԿ-ի միջնորդությունը քույրերի հանդեպ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը երկարաձգելու մասին:

Նախաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 28-ը: Մինչև այդ ամսաթիվը պահանջվում է երկարաձգել նաև աղջիկների դեմ սահմանված արգելքները: Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոցի երկարաձգման հարցով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին վերջնական խմբագրությամբ մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն» հոդվածով: Մեղադրանքի մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով:

57-ամյա տղամարդու մարմինը Մոսկվայի իր տանը հայտնաբերվել է 2018-ի հուլիսին: 2018-ի օգոստոսին Մոսկվայի Օստանկինյան դատարանը կալանավորել է քույրերին, իսկ սեպտեմբերին Բասմանյան դատարանը փոխել է խափանման միջոցը՝ նրանց արգելելով որոշակի գործողություններ կատարել, որից հետո նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից: