Ազգային պարերի մասին ֆիլմի համար փող չունեին, սակայն սեռափոխված մարդու մասին ֆիլմը հովանավորում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ Մ. Դալուզյանի մասին ֆիլմի վերաբերյալ

16:34 • 26.10.19

Եթե մարդն իր սեռը փոխում է, ինձ համար այդտեղ այլևս մարդ հասկացություն չկա: Նա մեղքի մեջ հայտնված արարած է, իսկ ով իրեն նպաստում կամ օժանդակում է, որ  այդպիսի քայլերի դիմի ու մեղքի մեջ ընկնի, ուրեմն հանցանք է գործում:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ անդրադառնալով ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին:

Հիշեցնենք, որ Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ: 

«Եթե Ազգային կինոկենտրոնն այդպիսի նախաձեռնություն է ընտրել,  կարող եմ  ասել, որ այն մարդը, որն իր սեռը փոխում է, այդքան մեղավոր չէ, քանի որ հիվանդ է, իսկ այն մարդիկ, որոնք օժանդակում են, ավելի մեծ մեղք են գործում: Փոխանակ այդ մարդուն հարց տան՝ ինչու ես սեռդ փոխում, վերջիվերջո Աստված մարդուն էգ և արու է արարել  բազմանալու և կյանքը շարունակելու համար: Ավետարանն ասում է՝ հիվանդներին բժիշկներ են հարկավոր, ուզում եմ հասկանալ, այդ բժիշկները, որոնք օժանդակել են, բժիշկ կոչվել են մարդուն փչացնելո՞ւ, թե՞  մարդուն մեղքի տակ դնելու համար:

Սարկավագի խոսքով՝ ֆիլմի համար գումար հատկացնողները, որ նպաստում են պրոպագանդային, ընդլայնում են իրենց միջավայրը, քանի որ միգուցե իրենք էլ են թաքնված «այդպիսի» մարդիկ:

«Մելինե Դալուզյանը հասել է իր նպատակին, որովհետև իր նմանները կան: Ասում են՝ «նմանն զնմանին կնմանե»: Ուրեմն մեր նախարարությունը, մեր Կինոկենտրոնը, մեր պետական  այրերը պետք է հասկանան, թե որն է բարին և որը չարը, հատկապես,  երբ մարդը հանցանք է գործում: Այս մարդիկ հետ են մնացել նորմալ մարդկային կյանքից»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշեց նաև, որ Ազգային կինոկենտրոնը չպետք է նպաստեր դրան: Նրա խոսքով՝ եթե Կինոկենտրոնը նպաստում է, ուրեմն ինքն այդտեղից սպասելիքներ ունի:

«2009 թվականին, երբ ես Արևմտյան Հայաստանում 26 հոգով արյան գնով ազգային պարեր էի նկարում, բերեցի, որ Կինոկենտրոնը օգներ ֆիլմն ավարտին հասցնեինք, պատասխանեցին, որ փող չունեն: Ասացին, որ այնքան արխիվներ ունեն և այնքան գործեր, որ դրանց ծախսերը պիտի հոգան: Իսկ այժմ, որ այս հարցն են բարձրացրել, գումար ունեն, տրամադրում են, դրա համար էլ եմ շատ ցավում: Այս ամենը շատ ամոթ է»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Նա նաև ասաց, որ պետական այրերին ձեռնտու է ֆիլմը ֆինանսավորելը, քանի որ իրենք իրենց համար բարենպաստ միջավայր են ստեղծում,  որ ապրեն իրենց ուզած կյանքով:

 

Ազգային պարերի մասին ֆիլմի համար փող չունեին, սակայն սեռափոխված մարդու մասին ֆիլմը հովանավորում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ Մ. Դալուզյանի մասին ֆիլմի վերաբերյալ