Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին. փաստաբան (տեսանյութ)
Ունենք դատավարական կարգավիճակի փոփոխություն, Արա Բաբլոյանը ուներ կասկածյալի կարգավիճակ, այսօր նրան մեղադրանք առաջադրվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Մեղադրանքը վերաբերում է երկու հոդվածների, առաջինը` իշխանության յուրացում` 300 հոդվածը, որը ՀՀ-ում երբևէ չի կիրառվել, նաև միջազգային փորձում էլ: Երկրորդ հոդվածը 314-րդն է պաշտոնական կեղծիքի մասով: Երկու մասով էլ մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ անհիմն են»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց նաև, որ հաշվի չի առնվել Արա Բաբլոյանի գործառութային անձեռնմխելիությունը՝ որպես պատգամավոր: Նա նշեց, որ քննիչների գործողություններում ակնհայտ խնդիր չեմ տեսել, բայց մասնագիտական առումով ակնհայտ անհամաձայնություն ունեմ: «Խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին, մեր կողմից ցուցմունքներ տրվել են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է լրագրողների հարցին, թե արդյոք գործում քաղաքական ենթատեքստ տեսնում է, փաստաբանն ասաց.«Իրավական տեսանկյունից ես տեսնում եմ շատ խոցելի, անհիմն մեղադրանք, բայց ես կարող եմ ասել, որ կան քրեական գործեր, որոնք հարուցվում են, այնուհետև կարճվում են: Արման Բաբաջանյանն էր ներկայացրել հաղորդում, այն հիմնականում վերաբերում էր Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով պատգամավորի լիազորությունները դադարում են և այնտեղ կար պնդում, որ, այսպիսով` Արա Բաբլոյանի կողմից ընդունված որոշմամբ` Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավորել որպես պատգամավոր, այդ մասով որևէ մեղադրանք չի առաջադրվել և այդ մասով կա արդարացում»:
Արամ Վարդևանյանը նշեց, որ պաշտպանական տեսանկյունից բոլոր հնարավոր գործողությունները ձեռնարկվելու են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:










