Ծառայությունների ու արդյունաբերության ճյուղերի համեմատաբար բարձր աճով պայմանավորված` 2020 թ. կանխատեսվել է ՀՆԱ-ի 4,9 % իրական աճ․ ԿԲ նախագահ
ՀՀ Կառավարության` 2020 թ. մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին․ բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Ըստ նրա` շարունակվելու են տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը դեպի ավելի արտադրողական ճյուղեր, ինչպիսիք են ծառայություններն ու արդյունաբերությունը։
«Երկու ճյուղերի համեմատաբար բարձր աճով պայմանավորված` 2020 թ. կանխատեսվել է ՀՆԱ-ի իրական աճ՝ 4,9 %-ի մակարդակով»,-ասաց Ջավադյանը։
Ըստ ԿԲ նախագահի՝ սպառման իրական աճին նպաստելու է բացառապես մասնավոր սպառման աճը։ Ներդրումների իրական աճը պայմանավորված կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդումային ակտիվությամբ։
Ըստ նրա՝ արտահանելի ճյուղերի արտադրողականության աճի պայմաններում արտահանումը կգերազանցի ներմուծման իրական աճին, և արդյունքում ընթացիկ հաշվի միտումը կպահպանվի նաև 2020-ին։
Ջավադյանը նշեց, որ տարվա համար նախատեսվող բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում կկազմի 2,6 %։
Եկամուտների մասով ստվերի կրճատման միջոցով հարկերի հավաքագրման բարձր տեմպերը կապահովվի։
«Բյուջեի ծախսերը ՀՆԱ-ում կավելանան 2 տոկոսային կետով՝ պայմանավորված կապիտալ ծախսերի զգալի աճի նախատեսմամբ։ Կապիտալ ծախսերը կավելանան 2, 2 տոկոսային կետով և ՀՆԱ-ի 5 %-ը կկազմեն։ 2020 թ. պետական պարտքը ՀՆԱ-ում շարունակվելու է նվազել, բայց սպասարկման վճարի կշիռը շարունակելու է բարձր մնալ»,-ասաց նա։










