Տնտեսական այս աճով կյանքը չի լավանա․ Միքայել Մելքումյան
2020 թ. բյուջեի նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս բյուջեն ևս հեղափոխական չէ։ Ըստ նրա՝ ներդրումները շատ ցածր են։ «Օտարերկրյա ուղղակի ներդրումները 18 թ. հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 19 թ. հունվար- հունիսին ունեցել ենք 7,8 մլրդ։ Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»,-ասաց նա և հավելեց, որ թեև թիվը չէ կարևորը, բայց կառուցվածքն էլ էական չի փոփոխվել։
«Ասում եք՝ աճը պահպանողական է, հիմա նայում ենք՝ արդյունաբերությունը 5 % է կազմում, հռչակած մոտեցումները՝ ՏՏ ոլորտի հետ կապված, նույնպես չեմ նկատում, այս աճով կյանքը չի լավանա»,-ասաց նա։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե ասում են, որ հեղափոխական չէ, պետք է սկսել այն մասից, թե որը կլիներ հեղափոխական։ «Չեմ կարծում, որ պետք է բազմաթիվ ռիսկեր առաջացնի կայունության տեսակետից և հարցականի տակ դնի փոփոխությունները։ Իհարկե, դժվար է գնահատել պահպանողական, բայց կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող մոտեցում է, դա միակ ճանապարհն է, որը չի կարելի քննարկման առարկա դարձնել, պետք է ունենանք կայուն միջավայր, և դա քննարկելի չէ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ներդրումներին, Ջանջուղազյանը նշեց, որ այո, իրենք էլ նույն կարծիքին են, որ թիվը չէ կարևորը, և չեն գնում այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ միջավայրի փոփոխությամբ ենթադրվում է, որ տնտեսական հաջորդ ցիկլում կիրացվի։ «Յուրաքանչյուր տնտեսվարող նոր միջավայրին հարմարվելու խնդիր ունի։ Այն, ինչ ունենք, արդյոք մեր հավակնությունն է, իհարկե ոչ, բայց 7, 8, 9 % աճի ցուցանիշին հասնելու համար պետք է ջանք գործադրենք»,-ասաց նա։
Մելքումյանն այդուհանդերձ պնդեց, որ մեկնաբանի 37-մլրդ և 7 մլրդ ներդրումները։ «Հետհեղափոխական շրջանում ներդրումների սպասումները մեծ են լինում, նախկին էնտուզիազմը կա, թե իջել է, նաև գուցե օբյեկտիվ պատճառով։ ԱԺ-ում այնպես չէ, որ ինչ օրենք ուզեք, չեք կարող անցկացնել, հիմա ինչ ուզեք, կարող եք բերել, բայց ասում եք՝ դեռ պետք է հարմարվենք»,-ասաց ԲՀԿ պատգամավորը։
Նախարարը, էնտուզիազմին անդրադառնալով, ասաց, որ ներդրումների մասին խոսելը, մտադրություն հայտնելը և գործողություն անելը տարբեր են։
«Ինչ վերաբերում է սկզբնական փուլում խոսելուն՝ դա չի նշանակում ներդրում, ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ընկալելու առումով։ Ինչքան էլ տնտեսությունը փոքր լինի, միևնույն է, պետք է տեղի ունենա կարողությունների զարգացում»,-ասաց նա։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շուկան սահմանափակ է, բայց իրենց համար մտահոգիչ է, որ ներդրում ասելով՝ հասկանում են, որ խոշորամասշտաբ մի ծրագրով ներդրում է արվում։ «Մեզ պետք է կապիտալի շուկայում հաստատվել, և այդտեղ քայլեր ենք անում, և միջավայրը նպաստավոր է դառնալու ու անհամեմատ մեծ է լինելու»,-ասաց նա։
Հարցին անդրադարձավ նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և նշեց, թե այն, ինչ պարոն Մելքումյանը նշեց՝ 38,7 մլրդ-7,8 մլրդ դրամ, դրանք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն են, որոնց վրա չի կարելի ենթադրություն կազմել, զուտ նշանակում է ստացումները և մարումները։
«2018-ի առաջին կիսամյակում շուրջ 130 մլրդ դրամի օտարերկրյա ներդրումների ստացումներ են եղել, իսկ 2019 թ. առաջին կիսամյակում 152,3 մլրդ, այսինքն` օտարերկրյա ներդրումների ստացումների աճը կազմել է 22,7 մլրդ դրամ, կամ 17,5 %»,-ասաց նա։










