Գորբաչովը կարծում է, որ դեռևս հույս կա, որ ԿԺԴՀ-ն կհրաժարվի իր միջուկային ծրագրից

12:38 • 28.10.19

ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ դեռևս հույս կա, որ Հյուսիսային Կորեան կհրաժարվի իր միջուկային ծրագրից, որքան էլ դժվար լինի այդ խնդրի ուղղությամբ տարվող բանակցությունների ընթացքը, գրում է РИА Новости-ն:

«21-րդ դարում միայն Հյուսիսային Կորեան է միջուկային զենք փորձարկել: Հույս կա՞, որ այս երկրին հնարավոր կլինի «համոզել» հրաժարվել միջուկային ծրագրից. կարծում եմ՝ նման հույս կա, որքան էլ դժվար լինի այս թեմայով տարվող բանակցությունների ընթացքը»,- գրել է Գորբաչովն իր նոր՝ «Ինչ է դրված քարտեզին. գլոբալ աշխարհի ապագան» գրքում:

Գորբաչովն այլ իրադարձությունների թվում հիշել է 2009 թվականի իր այցը Կորեական Հանրապետություն՝ մասնակցելու «Խաղաղության զանգերի զբոսայգու» բացման արարողությանը:

«Այդ օրը ես տեսա՝ որքան մեծ է կորեացի սովորական մարդու խաղաղության ձգտումը, Կորեական թերակղզին միջուկային զենքից ազատելու ցանկությունը»,- նշել է Գորբաչովը:

ԽՍՀՄ նախկին ղեկավարը համոզված է, որ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջինը նստեն միջուկային զենքի թեմայով բանակցությունների սեղանի շուրջ և արդյունքների հասնեն, մթնոլորտը կփոխվի, և այլ երկրների հետ ևս նման բանակցություններ վարելու պայմաններ կստեղծվեն:

Նա նաև հիշեցրել է տարբեր երկրների՝ միջուկային զենքից հրաժարվելու դեպքերի մասին, ինչպես Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ուկրաինան, Ղազախստանը և այլն:

 

 

Գորբաչովը կարծում է, որ դեռևս հույս կա, որ ԿԺԴՀ-ն կհրաժարվի իր միջուկային ծրագրից