«Բրիտանական թագավորական տան ժառանգների մկրտության զգեստները ներկվում են Յորքշիրի թեյով». թագավորական տան դերձակ (լուսանկարներ)
Մետաքսե ժանյակապատ զգեստները, որոնք 2004 թվականից ի վեր մկրտության ժամանակ կրում են բրիտանական թագավորական ընտանիքի բոլոր ժառանգները, թարմ գույն ստանալու համար ներկվում են Յորքշիրի թեյով, գրում է HELLO! ամսագիրը:
Արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոթի, արքայազն Լուիի, Արչի Հարիսոն Մաունթբեթեն Վինձորի և նրանց զարմիկներից շատերի մկրտության զգեստները մանրակրկիտ կերպով վերստեղծվել են վիկտորիանական բնօրինակ հագուստից, որը կրել են թագավորական ընտանիքի անդամներն այն ժամանակից ի վեր, երբ Վիկտորյա թագուհին բնօրինակ զգեստը պատվիրել է 1841 թվականին:
«Մետաղադրամի հակառակ կողմը: Թագուհին, դերձակը և զգեստապահարանը» գրքում թագավորական տան դերձակ Անջելա Քելլին պատմել է, թե ինչպես է Իտալիա հասել արժեքավոր ու բնօրինակին չափազանց նման ժանյակը ձեռք բերելու, ինչպես է այն պահել հատուկ ձեռքի պայուսակի մեջ և դերձակ Բարբարա Բաքֆիլդի հետ վերստեղծել Վիկտորյա թագուհու ժամանակներից հայտնի, ավանդաբար կրվող մկրտության զգեստը:
«Զգեստին բնական տեսք հաղորդելու համար այն ներկեցինք յորքշիրյան թեյով: Ժանյակներից յուրաքանչյուրը ընկղմեցինք սառը ջրով ու թեյի պարկերով լցված փոքրիկ տարաների մեջ և այդպես թողեցինք գրեթե 5 րոպե՝ պարբերաբար ստուգելով, որպեսզի ստանանք անհրաժեշտ գույնը»,- գրել է Անջելան:
Նա նաև հայտնել է, որ աշխատանքի յուրաքանչյուր փուլում նա խորհրդակցել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու հետ:
«Աշխատանքի յուրաքանչյուր փուլում զգեստը ցույց էի տալիս թագուհուն. սկզբում իրանի հատվածը, հետո թեզանիքները, ներքևի հատվածն ու վերջապես ամբողջական զգեստը: Նորին Գերազանցությունը չափազանց հետաքրքրությամբ էր հետևում այդ գործընթացին»,- հայտնել է դերձակը և հավելել, որ զգեստը պատրաստելու համար պահանջվել է գրեթե 9 ամիս:
![]()












