ԱՄՆ-ում կինը պնդում է, որ իր հիվանդ մորը բժիշկները մահացած են ճանաչել դեռ ողջ ժամանակ և ուղարկել դիահերձարան
Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Պորտ Անջելես քաղաքում կինն «Օլիմպիկ» բժշկական կենտրոնի դեմ հայց է ներկայացրել իր հիվանդ մոր հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար, գրում է Peninsula Daily News-ը:
99-ամյա Կատրին Դելոյի մահը գրանցել են 2017 թվականի փետրվարի 15-ին: Ըստ դատական հայցի, որը ներկայացրել է Դելոյի դուստր Էվելին Մարի Գալանդը, հանգուցյալ մոր մարմինը դիահերձարան են տեղափոխել վնասվածքներով և արյունոտ սավանով:
Դիահերձարանի աշխատակիցը փաստել է, որ վնասվածքները հասցվել են դեռևս կենդանի ժամանակ:
Կնոջ դուստրը պնդում է, որ բժիշկները դեռևս կենդանի մորը մեռած են համարել: Նրան դրել են հատուկ պարկի մեջ և նրա հետ վարվել այնպես, ինչպես հանգուցյալի: Կոտրված քիթը վկայում է, որ կինը դեռ ողջ է եղել:
Հանգուցյալի դուստրը կարծում է, որ հիվանդանոցն օրենք է խախտել, համաձայն որի հանգուցյալի մահը պետք է հաստատեն երկու բուժաշխատող, սակայն այս դեպքում հանգուցյալի մահը հաստատել է միայն բուժքույրը:
Ըստ հայցի, բուժքույր Քայլի Թայլերը հիվանդին մորֆին է ներարկել, երբ հիվանդի մոտ շնչառական խնդիրներ են սկսվել: Դեղամիջոցը հանգեցրել է նրան, որ հիվանդը սկսել է ավելի ծանր շնչել և շուտով մահացել է:
Պարբերականը նաև նշում է, որ երբ Թայլերը հիվանդին մահացած է ճանաչել, նրա մարմնին կապտուկներ կամ արյուն չի եղել: Միևնույն ժամանակ ոչ ոք չի հաղորդել դիի տեղափոխման ժամանակ որևէ միջադեպի մասին, ինչը կարող էր վնասվածքների պատճառ դառնալ:
Բժշկական կենտրոնի ներկայացուցիչները ժխտում են տվյալ դեպքին իրենց առնչությունը, պահանջում են փակել գործը և փոխհատուցել փաստաբանի ծախսերը:
Դատը նշանակված է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին:










