Դավիթ Սանասարյանից գումար շորթելու մասին հրապարակման առթիվ քրեական գործ է հարուցվել

18:29 • 31.10.19

ՀՀ պետական վերահսկողության ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին  Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ հրապարակումը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-ասաց Խաչատրյանը:

 Նա հայտնեց, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմնին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է նույն վարչական շրջանների քննչական բաժին:

Նշենք, որ ըստ հրապարակման՝ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին: