XiB. նոր բիզնես հարթակ՝բիզնեսի գաղտնիքները բացահայտելու համար
Մեկնարկել է նոր հարթակ` բիզնեսի գաղտնիքները բացահայտելու համար՝ XiB: Հարթակ՝ ստեղծված մերօրյա փոխակերպվող բիզնեսի լավագույն փորձառությունների մասին աշխարհին պատմելու համար: Առաջին XiB-ն առաջնորդության թեմայով էր։ Միջոցառման ընթացքում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացրել է կարիերայի ընթացքում ձեռք բերած առաջնորդության իր փորձը և կիսվել անձնական հետաքրքիր պատմություններով։
Քրիստինե Սարգսյանը, որ նաև TEDx Yerevan-ի հիմնադիրն ու արտոնակիրն է, միջոցառման սկզբում պատմել է՝ ինչպես ծնվեց հարթակի ստեղծման գաղափարը։
«Աշխատելով «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության հետ՝ բացահայտում էի հրաշալի պատմություններ ընկերության աշխատակիցների, նրանց երազանքների մասին ու մտածեցի՝ անարդար է, որ նման կազմակերպությունները չունեն այդպիսի խորը և ազդեցիկ պատմությունները պատմելու իրենց ուրույն ձևաչափը։ Անչափ տպավորված էի «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ղեկավարների առաջնորդական կարողություններով, այդ պատճառով էլ այն դարձավ առաջին XiB-ի հիմնական թեման»,- ասել է Քրիստինե Սարգսյանը:
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ներգրավման ու զարգացման ծրագրերի ղեկավար Նինա Գրիգորյանն իր ելույթում նշեց. «Ծնող լինելն ամենակարևոր առաջնորդությունն է մեր կյանքում, որովհետև մենք դաստիարակում ենք մարդկանց, որոնք հետագայում իրենց հերթին դաստիարակելու են այլ մարդկանց և այդպես՝ սերունդների։ Առաջնորդությունը ծնող լինելու նման բարդ առաքելություն է»։
XiB հարթակը նպատակ ունի տարածելու լավագույն բիզնես փորձառությունները, ինչպես նաև միտված է նպաստելու նոր գործարար կապերի հաստատմանը: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովայի ելույթի թեման կանանց ներքին հզորության բացահայտումն էր։ Նա ներկայացրել է իր անձնական պատմությունն առ այն, թե ինչպես է կարողացել հասկանալ իր ներուժը։ Իսկ արտաքին կապերի հաղորդակցության գծով գործադիր Տաթևիկ Հովհաննիսյանը կարծում է, որ առաջնորդությունը՝ պատասխանատվություն ստանձնելու հետևանք է:
«Առաջնորդի պաշտոն զբաղեցնելուց առաջ մտածեք, թե ինչո՞ւ եք անում դա՝ շրջապատի մարդկանց ինչ-որ բան ապացուցելո՞ւ, թե՞ տեսնում եք այն խնդիրը, որը կարող եք լուծել և այն, որ պետք է պատասխանատվություն ստանձնեք շրջապատի մարդկանց ՝ նրանց կյանքի, զարգացման և ապագայի համար։ Եթե վստահ եք, որ պատրաստ եք դրան, ուրեմն ստանձնեք այդ պատասխանատվությունը, իսկ առաջնորդությունը կգա որպես հետևանք»:
Միջոցառման ժամանակ բանախոսները կիսվել են այն բարդ ճանապարհով, որն անցել են և՛ մենակ, և՛ թիմի հետ: Բանախոսներն ընդգծել են, որ պետք է կիսել ապագայի պատասխանատվությունը, ավանդական առաջնորդությունը և առաջ բերել կոլեկտիվ պատասխանատվության գաղափարը: Միջոցառման ներկաները համակարծիք էին՝ նման քննարկումները նպաստում են փորձի փոխանակմանը և զարգացմանը: «Նման մոտիվացնող միջոցառումները հետաքրքիր են և անհրաժեշտ՝ հետագա գործունեության ծավալման համար։ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը հաճախ ասոցացվում է ծխախոտի հետ, սակայն ընկերությունն այժմ իրականացնում է Հայաստանում գիտության զարգացման համար նպաստող հետազոտական մեծ աշխատանքներ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող Ամալյա Մխիթարյանը:
Միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռնում առաջնորդության լավագույն փորձի մասին լսել խոսնակներից, ովքեր իրենց մեծ փորձի և անձնական պատմությունների օրինակներով ցանկանում են կիսել մեզ հետ իրենց հաջողության բանաձևերը:
«Միջոցառման ժամանակ մենք օրինակներով տեսանք, թե որքան դժվար է առաջնորդի ճանապարհը, մի բան հստակ է՝ առաջնորդ ծնվում են: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ում աշխատանքային զարգացումը շատ համակարգված է, դա լավ օրինակ է երիտասարդների համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում առաջնորդության թեմայի շուրջ՝ խոշոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
















Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










