Թուրք քաղաքական գործիչը, ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը, «սպառնացել» է թուրք աղջիկներին Թալեաթ անվանակոչել
Թուրքական ընդդիմադիր, ազգայնական ուղղվածության «Լավ» կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունումը: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:
«Ցանկացած մեկը, ով ցեղասպանություն տերմինն օգտագործում է մեր պետության դեմ և փորձում է մեր պետության տեղահանության մասին որոշումը ներկայացնել որպես ցեղասպանություն, վիրավորում է մեզ: Մենք նրանց պատասխանում ենք մեր երեխաներին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ անվանակոչելով: Եթե այսպիսի վերաբերմունքը շարունակվի, մենք մեր բոլոր երեխաներին Թալեաթ կանվանակոչենք, այդ թվում՝ աղջիկներին»,- ասել է Աղըրալիօղլուն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։










