Կան մի շարք կարևոր ուղղություններ, որտեղ մասնագետները պատշաճ կերպով չեն վարձատրվում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, ընդհանուր առմամբ, ավելացել է 12.9%–ով կամ 20 մլրդ դրամով և դա չի վերաբերում միայն կրթության և գիտության ոլորտին, այլ համամասնորեն վերաբերում է մյուս ոլորտներին ևս, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ մշակույթն ու սպորտը իրենց ծավալով փոքր են, սակայն այնտեղ էլ է ավելացում եղել, այդ ոլորտներն անտեսված չեն:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվելու է, քանի որ որոշում կա, որ այն հանվելու է, նա պատասխանեց. «Որտե՞ղ կա որոշում, որտեղի՞ց է այդ ինֆորմացիան: Այն ինֆորմացիան, որ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալի հարցազրույցի արդյունքում, որտեղ նա ասել է, որ մշակվում են շափորոշիչներ, առարկայացանկեր և յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն ու նպատակներն են քննարկվում և թե ինչ ենք ուզում արդյունքում ստանալ»:
Նախարարը նշեց, որ դա նորություն չէ և որ ինքն էլ է դրա մասին հայտարարել: «Չափորոշիչներն ու առարկայացանկերը մշակող հանձնաժողովը աշխատում է, երբ առաջարկներ կանեն մենք կքննարկենք և որոշումները կկայացնենք, այդ հանձնաժողովը դեռևս ինձ հետ որևէ բան չի քննարկել»,- հավելեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում թե՛ կաթողիկոսի, թե՛ եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ և քննարկում են առարկայի հարցը: «Երբ առարկայացանկերի առաջարկներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանց հետ կքննարկենք, խնդրում եմ սրանից սենսացիաներ չսարքենք»,- ասաց նա և հավելեց, որ առարկան շարունակվելու է դասավանդվել, և ուսումնական պլանները փոխվելու են այն ժամանակ, երբ նոր դասագրքերն ու առարկայացանկերը ներմուծվեն: Դա, ըստ նախարարի, տեղի կունենա 2023 թվականից:
Ի պատասխան հարցի, թե ուսուցիչնե՞րը պետք է շատ վաստակեն, թե՞ գիտնականները, որովհետև գիտնականների աշխատավարձն ավելի ցածր է, իսկ ուսուցիչներինը բարձրացվեց, նախարարն ասաց, որ ինքը նման հակադրության չէր ցանկանա դնել այս երկու խմբերի միջև։
«Յուրաքանչյուրը կարևոր տեղ ունի մեր պետության զարգացման գործում և յուրաքանչյուրը պետք է պատշաճ կերպով վարձատրվի: Ես կարծում եմ, որ ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացումն այն մակարդակը չէ, որ մենք ուզում ենք տեսնել, գիտնականների վարձատրության այն մակարդակը, որ հիմա կա, այն չէ, որ մենք ուզում ենք տեսնել: Մեր ֆինանսական եկամուտների ավելացմանը զուգընթաց մենք աշխատավարձերի բարձրացում կիրականացնենք, բայց միաժամանակ պետք է աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին մտածենք»:
Լրագրողների նախարարին հիշեցրին, որ վարչապետը հայտարարել է, որ նախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան, որպեսզի կոռուպցիա չլինի, ապա հետաքրքրվեցին՝ սա չպե՞տք է կիրառվի նաև մանկավարժների, մասնավորապես, դասախոսների պարագայում, որպեսզի բացառվի կոռուպցիան, նրանք ևս ստանան արժանապատիվ աշխատավարձ։ Սրան ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց.
«Իհարկե ոչ, կան մի շարք կարևոր ուղղություններ, որտեղ մասնագետները պատշաճ կերպով չեն վարձատրվում, և մենք պետք է ջանքեր գործադրենք, որ մեր պատկերացրած մակարդակի հասցնենք նրանց աշխատավարձերը, չեմ կարծում, որ դա կարող է արագ լինել, բայց դա մեր օրակարգում է և գոնե այս տարվա բյուջեով մի շարք ուղղություններով աշխատավարձերը բարձրացվել են»:










