Բուքիքիոյի կարմիր քարտը՝ իշխանություններին. կոծկելն անհնար է դառնում
Հայաստանում Սահմանադրական դատարանի ու անձամբ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացները, որոնք իրենց խորքում քաղաքական են, չունենալով որևիցե համոզիչ իրավական հիմնավորում, գաղտնիք չէ, որ իշխանությունների կողմից ի սկզբանե հասարակությանը մատուցվում են որպես երկրում ժողովրդավարական անշրջելի կարգերի հաստատմանը միտված անհրաժեշտ միջոցառումներ, և հաճախ հենց արևմտյան աշխարհի գաղափարական հենասյունը համարվող ժողովրդավարությունն է, որ վկայակոչվում է համապատասխանների կողմից՝ գաղափարապես հիմնավորելու նույն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ սանձազերծած անթաքույց հալածանքը, որն այլևս հատել է բազմաթիվ կարմիր գծեր:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ ինչպես տարածած հայտարարությունն, այնպես էլ shantnews.am-ին տված հարցազրույցը բացահայտել են Հայաստանում ծավալվող խայտառակ գործընթացների իսկական էությունը՝ ցուցանելով այն բոլոր վտանգները, որոնք անխուսափելիորեն ածանցվում են իշխանությունների ամբողջատիրական նկրտումներին:
Բուքիքիոն, մասնավորապես, իր խորը մտահոգությունն էր հայտնել «մի կողմից՝ Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև ընթացող բաց հակամարտության» շուրջ՝ նշելով, որ ժողովրդավարական երկրում պետական բոլոր կառույցները և գրասենյակների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները, ինչպես նաև ընդունեն ու հարգեն մյուս գերատեսչությունների պահանջները:
Վենետիկի հանձնաժողովի ուղերձը հայաստանյան իշխանություններին միանշանակ է, և այն, խոշոր իմաստով, կարմիր քարտ է իշխանություններին՝ սթափվելու, սանձելու ունեցած ամբողջատիրական նկրտումներն ու գործընթացները վերադարձնելու իրավական դաշտ, որից դուրս գալով՝ նույն իշխանություններն անխուսափելիորեն բախվելու են աշխարհի կողմից հասկացված չլինելու վտանգին՝ իրենց համար այդ հանգամանքից անխուսափելիորեն ածանցվող քաղաքական հետևանքներով:
Գլխավոր հարցը, որ առաջ է եկել Բուքիքիոյի ուղերձներից հետո, թերևս, այն է, թե ի՞նչ արձագանք կստանան դրանք անմիջապես իշխանության կողմից: Դատելով արդեն իսկ ստացվող իշխանական արձագանքներից՝ իշխանություններն առայժմ հակված չեն ճիշտ հետևություններ անել ստացված ազդակներից և համոզված են, որ Բուքիքիոյի հայտարարության մեջ չկա որևէ հատված, որը կվկայեր իրենց կողմից իրականացվող քաղաքական հետապնդման մասին:
Բայց ինչպես էլ մեկնաբանվեն Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը կամ հայտարարությունները, անհերքելի է, որ դրանք զրկում են իշխանություններին սեփական գործողությունները լեգիտիմացնելու ռեսուրսից, ցույց տալիս Հայաստանում տեղի ունեցողի ու «ժողովրդավարություն» ասվածի միջև առկա խորը վիհը, որը չվերացնելու դեպքում իշխանություններն անխուսափելիորեն հայտնվելու են փոսում:
Արմեն Կարեյան










