ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են  ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենին. զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա գործակցության վերաբերյալ

15:42 • 31.10.19

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ  Վաչե Տերտերյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են  «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Հանդիպմանը մասնակցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Վաչե Տերտերյանն  իր և նախարար Սուրեն Պապիկյանի անունից ողջունել է ԲԳԿ գործադիր տնօրենի այցը Հայաստան և  կարևորել  ԲԳԿ-ում Հայաստանի ընդգրկվածության հանգամանքը: «Մենք ընդունում ենք, որ մարտահրավերները,  որոնք  մենք ԲԳԿ-ի շրջանակում տեղական ժողովրդավարության մասով հանձնառել ենք, կարևորագույն հիմնադրույթներ են և մենք այլընտրանք չունենք այդ ուղղություններով հաջողություններ չարձանագրելու»,-նշել է նախարարի տեղակալը:

Վ.Տերտերյանն ընդգծել է, որ տեղական ժողովրդավարության՝ հատկապես թափանցիկության և հրապարակայնության գաղափարախոսությունը համահունչ է կառավարության մոտեցումներին և հստակ քայլեր են արվում այս մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ:

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել տեղական մակարդակում կառավարման մասնակցայնության և թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, էլեկտրոնային կառավարման բաղադրիչի կիրարկման մասին, անդրադարձել  վարչատարածքային բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես ոչ միայն ԲԳԿ-ով հանձնառված հարցերի, այլ նաև համայնքային մի շարք խնդիրների լուծման ռեսուրս:

Նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը իր համակարգման ոլորտի շրջանակներում  անդրադարձել է իրական  սեփականատերերի հանձնառության ոլորտում  արված օրենսդրական բարելավումներին, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:   Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջամարտիկ երկրներից սովորելուն զուգընթաց որոշ ուղղություններով   կարող է նաև  հանդես գալ նորարարություններով:

ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել կատարված բարեփոխումների կապակցությամբ՝ այն համարելով տպավորիչ:

Սանջեյ Փրադանը հետաքրքրվել է ՏԻ մարմինների գործառույթներով, համայնքային բյուջեների ձևավորման և մի շարք հարցերով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԲԳԿ հանձնառության շրջանակում հետագա գործակցության վերաբերյալ: