Չկա նման բան. ՔԿ ներկայացուցիչը` խաղաղ պայմաններում զինծառայողների մահվանն առնչվող քրեական գործերի կոծկման և իրեղեն ապացույցների վերացման մասին

14:58 • 31.10.19

Մենք առաջնորդվում ենք քրեական դատավարությամբ և ձեռք բերված ապացույցներով ենք վերջնական որոշում կայացնելու: Այս մասին ԱԺ-ում Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, պատգամավորների և տարբեր տարիներին խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Փակ քննարկումն իրականացվում էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն, երբ միջադեպ տեղի ունեցավ 2010 թ. խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր` Իրինա Ղազարյանի և քննարկմանը ներկա քննիչներից մեկի միջև, լրագրողների մուտքը թույլատրվեց:

Մահացած զինծառայողների ծնողները դժգոհում էին, որ ՔԿ-ի ստեղծած հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբը, թեև ներգրավել է հասարակական կազմակերպություններում, բայց ղեկավարվում է հենց ՔԿ-ի կողմից, հետևաբար` թափանցիկ ու արդար քննություն չի կարող իրականացնել:

Արթուր Մելիքյանը համաձայն չէր, թե ստեղծված հանձնաժողովը չի կարող արդար քննություն իրականացնել, քանի որ դրանում ներկայացված են երկու կողմերի` և´ ՔԿ-ի, և´ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչն էլ կապահովի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մահացած զինծառայողների ծնողները պնդում են, որ այս տարիների ընթացքում իրենց որդիների մահվանն առնչվող գործերը կոծկվել են, վերացվել են իրեղեն ապացույցները, ասաց` չկա նման բան: «Ծնողը իր կարծիքն ունի. գործի նկատմամբ կա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ, ինքն իր կարծիքը կհայտնի: Եթե քննիչն օրինական աշխատել է, մինչդատական վարույթն իրականացրել է, բնականաբար, հաստատելու է իր աշխատանքը, ծնողն էլ` որպես իրավահաջորդ, իր իրավունքներն ունի` կարող է դատավարական կարգով բողոքարկել որոշումները»,-ասաց ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետը: