ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մոռացել է խոսքի իրավունքը փոխանցել Զելենսկուն (տեսանյութ)

16:55 • 31.10.19

Հոկտեմբերի 31-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունն այցելել է Կիև և Ուկրաինայի առաջին դեմքերի հետ քննարկել  կարևոր հարցեր: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նիստի ժամանակ իր ելույթի ավարտից հետո դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մամուլի համար նիստի բաց մասն ավարտված է՝ մոռանալով, որ իր խոսքը դեռ չի ասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Զգալով սխալը՝ Ստոլտենբերգը շտապել է ուղղել այն և խոսքը տրամադրել է Ուկրաինայի նախագահին:

Նիստի ընթացքում Ստոլտենբերգը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին բավարար ուշադրություն դարձնել բարեփոխումներին, որպեսզի ապահովեն ժողովրդի լուսավոր ապագան և շարժվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:

«Ուկրաինայի իշխանությունները հզոր մանդատ են ստացել ժողովրդից բարեփոխումներ անելու համար»,- նշել է Ստոլտենբերգը:

Իր հերթին, նախագահ Զելենսկին առաջարկել է քննարկել Կիևի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորությունների ծրագրին (Enhance Opportunity Program):