Ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևն իր բովանդակությամբ ավելի շատ ԱՄՆ-ի գովքն է. թուրքագետ (տեսանյութ)

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևի 80 տոկոսն ԱՄՆ-ի գովքն է: «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
«Բանաձևում արտացոլված չէ Ցեղասպանության բուն էությունը: Հայոց ցեղասպանությունը նշվում է այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ զուգահեռ՝ հույների, ասորիների և այլն: Եվ աչքի է զարնում, որ խոսվում է ԱՄՆ-ի՝ տարբեր տարիներին զբաղեցրած դիրքի մասին. առաջին իսկ նախադասության մեջ նշվում է, որ մենք հպարտ ենք, որ փորձել ենք հայերին օգնել: Այսինքն, սա նաև ԱՄՆ-ի, որպես համամարդկային արժեքների հավատարիմ պետության, իմիջի ևս մեկ ամրագրում է»,- ասել է թուրքագետը:
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցը մշտապես եղել է ԱՄՆ օրակարգում՝ տարբեր հարթություններում: Եվ ամեն անգամ, եթե նույնիսկ գործընթաց է սկսվել, այն բախվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների կարևորության փաստին:
«Բնական է, որ այս պահին այս բանաձևի ընդունման մասին խոսելիս, որքան էլ որ մենք էմոցիոնալ մոտենանք հարցին, պետք է նաև դիտարկենք դրա աշխարհաքաղաքական բաղադրիչը, նախապայմանները, նախադրյալները: Միամտություն է կարծել, որ այս ամենը չի առնչվում ներկայումս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական հարաբերություններին և Սիրիայում տարբեր կողմերի դիրքորոշումներին»,- ասել է նա:
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Հայաստանի գործոնը բանաձևի ընդունման հարցում էական դեր չի ունեցել: «Միգուցե, քաղաքականության մեջ քայլերը կարող են ունենալ մի քանի վեկտորներ՝ առաջնային կարևորություն ունեցող վեկտորներ և ոչ այնքան: Հայկական գործոնն առաջնային կարևորություն չունի այս պահին»,- ասել է նա:
Թուրքագետը հատկապես կարևորում է բանաձևի եզրափակիչ մասում տեղ գտած դրույթները, որոնք կարող են հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ դառնալ: «Եզրակացություններում ամրագրվում է, որ ԱՄՆ-ը պետք է քայլեր անի Ցեղասպանության ժխտումը կասեցնելու համար: Սա, միգուցե, ազդակ է, որ կարող է վաղ թե ուշ քննարկվել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հարցը: Երկրորդը՝ կրթական բաղադրիչ է նշմարվում, միգուցե կարող ենք հույս ունենալ, որ Հայոց ցեղասպանության խնդիրը կարող է հետագայում մտնել դասագրքեր կամ կրթական ծրագրեր»,- ասել է նա:
Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է, որ թեման ակտիվացել է՝ մեր կամքով, կամ անկախ մեր կամքից, և պետք է օգտվել ստեղծված իրավիճակից: «Մենք կարող ենք այս ֆոնն օգտագործել մեզ համար կարևոր թիրախային լոզունգներին, թիրախային կետերին ավելի մեծ հրապարակայնություն հաղորդելու համար՝ միջազգային մամուլում, գիտական, քաղաքական շրջանակներում»,- ասել է նա:
Բացի այդ, նա գտնում է, որ հարկավոր է քարոզչություն իրականացնել, որ Հայաստանն ընդհանրապես որպես ցեղասպանությունների կանխարգելմանը միտված կոնկրետ քայլեր անող պետություն ընկալվի՝ օրինակ բերելով 2015թ-ի հռչակագիրը ցեղասպանությունների հետ կապված և այլն: «Մեզնից է կախված, թե մենք ինչպես կկարողանանք սա կապիտալիզացնել»,- նշել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը՝ նա նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների նույնիսկ ամենալարված փուլերում տնտեսական բաղադրիչը շարունակել է դոմինանտ մնալ: Բայց այժմ դրան ավելանում է նաև փոփոխվող Մերձավոր Արևելքում, փոփոխվող աշխարհում տարբեր առիթներով շահերի համընկնումը:
«Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ որևէ հարցի շուրջ այս հարաբերությունները պոտենցիալ ունեն կրկին լարված դառնալու: Նույն Սիրիայի հարցում, ես կարծում եմ, որ թուրքերի մոտեցումները, նպատակներն ու ակնկալիքները բավական ուրիշ են: Ռուսական կողմը կարողանում է զսպել դրանք, բայց ինչ-որ պահի նրանց իրական նկրտումները և պարտադրված պահվածքը կոնֆլիկտի նոր նախադրյալ են դառնալու»,- ասել է Մելքոնյանը:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս սրվածությունը նա բացատրում է Թուրքիայի նկրտումների փոփոխությամբ: «Թուրք-ամերիկյան հարաբերություններն ավագ և կրտսեր գործընկերոջ հարաբերություններ էին: Հիմա Թուրքիային այդ դերը վաղուց արդեն չի բավարարում: Այն ոչ թե ԱՄՆ-ի կրտսեր գործընկերոջ դերին է հավակնում, այլ հավասար, գուցե նաև ավելի դոմինանտ դեր ունեցող գործընկերոջ: Դա նկատվում է ոչ միայն իրենց քայլերում, այլև հռետորաբանության մեջ»,- ասել է նա:
Այս իրավիճակում թուրքագետը Հայաստանի համար ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ է տեսնում: Բայց սպառնալիքներն, իր կարծիքով, ավելի շատ են:
Մանրամասները տեսանյութում։









