Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ խորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով

23:25 • 31.10.19

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Ֆրանսիայի դեսպան Շառլ Ֆրիսը՝ կապված ֆրանսիական խորհրդարանի կողմից Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունները դատապարտող բանաձևի ընդունման պատճառով։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

«Մեր նախարարություն է կանչվել Ֆրանսիայի դեսպանը, որպեսզի մեր մտահոգությունը հայտնենք «Խաղաղության ակունք» արշավի վերաբերյալ ֆրանսիական խորհրդարանի կայացրած որոշման պատճառով»,-ասել է գործակալության զրուցակիցը։  

Ֆրանսիայի Ազգային ժողովը, որը խորհրդարանի ստորին պալատն է, չորեքշաբթի կայացած նիստում բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի գործողությունները Եփրատ գետի արևելյան շրջանում։

Ֆրանսիացի պատգամավորները հայտնել են, որ «սգում են հարյուրավոր զոհվածների համար» և հիշեցրել, որ շուրջ 300 000 մարդ գտնվում է արտաքսման ճանապարհին։